Երկքաղաքացիները վարորդական իրավունքի համար չեն տուգանվի ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրներում ստացած վարորդական վկայականներ, այլևս չեն ենթարկվի վարչական պատասխանատվության, եթե այդ վկայականները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Հայաստանյան «Արմենպրես» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է ՀՀ կառավարության հերթական նիստում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով:

Ըստ տեղեկության՝ կարգավորումը թույլ կտա երկքաղաքացիություն ունեցող անձանց առանց իրավական խոչընդոտների վարել իրենց տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում։

Մինչ այժմ ՀՀ վարչական օրենսգիրքը սահմանում էր, որ ՀՀ քաղաքացին չի կարող այլ երկրի վարորդական վկայականով վարել մեքենա Հայաստանի տարածքում, ինչը խնդիրներ էր առաջացնում այն քաղաքացիների համար, որոնք երկքաղաքացիություն ունեն և ժամանակավորապես այցելում են Հայաստան։ Նախագծի ընդունմամբ՝ ակնկալվում է լուծել այս խնդիրը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը։

Նշվում է՝ ՀՀ քաղաքացիները կկարողանան օտարերկյա պետությունների իրենց վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակել ազգային վարորդական վկայականով։ Նման կարգավորումը հնարավորություն կտա երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներին առանց խոչընդոտների վարելու տրանսպորտային միջոց Հայաստանի տարածքում։

Երկքաղաքացի վարորդները տուգանվում են Հայաստանում