Վրաստանյան ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին դատապարտվել է երկամսյա նախնական կալանքի։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին:
«Պայքարը կշարունակվի մինչև վերջ»,- դատավճռի հրապարակումից հետո ասել է Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է բռնության գործադրմամբ կատարված հետապնդում, նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ «հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի Կոստավա փողոցում գտնվող դեղատներից մեկում Էլիսաշվիլին հարձակվել է «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության անդամ, «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի նախագահ Ալի Բաբաևի վրա՝ ֆիզիկական բռնություն գործադրելով կուսակցության պաշտոնյայի վրա»։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիային վարչական իրավախախտ է ճանաչել՝ դատապարտելով 12-օրյա վարչական ազատազրկման։