ՄԱԿ-ի Կայուն զարգացման կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների երջանկության և կյանքից բավարարվածության ամենամյա վարկանիշային ցանկը։ Երջանկության առումով Վրաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը, Հայաստանը՝ 79-րդ, Ռուսաստանը՝ 70-րդ, Ուկրաինան՝ 92-րդ, Ադրբեջանը ցուցակում չկա։
Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Ֆինլանդիան։ Այս երկիրը վեց տարի գլխավորում է վարկանիշային ցանկը։ Ամենաերջանիկ երկրների հնգյակում են Դանիան, Իսլանդիան, Իսրայելը և Նիդեռլանդները։ Նրանց հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Նոր Զելանդիան։
Երջանկության տարեկան զեկույցները հիմնված են Gallup International-ի տվյալների վրա, որը հարցումներ է անցկացնում աշխարհի ավելի քան 130 երկրներում։ Վարկանիշային հաշվարկները ներառում են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնակչության եկամուտների մակարդակը, առողջապահության և սոցիալական օգնության հասանելիությունը, հասարակության մեջ կոռուպցիայի առկայությունը, ազատությունը և փոխադարձ օգնությունը։