«Երիտասարդներն ընտրում են Եվրոպան». այս խորագրի հերոսներից է Վարդուհի Հովսեփյանը։ Նա սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, միաժամանակ հետաքրքիր ու կարևոր գործունեություն է ծավալել տարբեր ծրագրերում. այդ ծրագրերից մեկն էլ շատերին ծանոթ և նախընտրելի CENN-ն է։
CENN-ի առաքելությունը համագործակցությունն է Հարավային Կովկասի տեղական համայնքների և կառավարությունների հետ ու կայուն լուծումների մշակումն առողջ միջավայրի համար։ Վարդուհին CENN-ի այն մասնակիցներից է, որ արդեն զգալի ժամանակ է, ինչ մասնակցում է ծրագրին և հասել է շոշափելի հաջողության։ 2023 թվականի վերջին Վարդուհին, CENN-ի կազմակերպած ծրագրին մասնակցելով, իր ընկերների հետ միասին կարողացել է կյանքի կոչել ևս մեկ ծրագիր՝ ինկլյուզիվ կրթության թեմայով, ինչը նկատելիորեն օգնել է հասարակությանը, որ վերջինս տեղեկանա, թե ինչ ասել է` ինկլյուզիվ կրթություն։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցի ընթացքում Վարդուհին անդրադարձավ մի քանի թեմայի. օրինակ` որ CENN-ն ահռելի մեծ դեր ունի Վրաստանի կյանքում, քանի որ հասարակության ինտեգրացումը և զարգացումը ուժեղ պետության գլխավոր նախապայմաններն են և նպաստում են հասարակության մտահորիզոնի ընդլայնմանն ու խթանում են երկրի տնտեսական և սոցիալական վիճակի բարելավումը։
Մեր հերոսը ցավով անդրադարձավ նաև այն հարցին, որ վերջին իրադարձությունների ֆոնին «ռուսական օրենքը» բացասաբար կանդրադառնա Վրաստանում գործող բոլոր ՀԿ-ների, այդ թվում՝ CENN-ի գործունեության վրա։ Նրա խոսքով` այդ ծրագրերի դադարեցման հետևանքները մխիթարական չեն, քանի որ կիսատ կմնան բազում լավ սթարթափներ ու ծրագրեր, որոնք առաջին հերթին նպաստում են հանրօգուտ գործունեությանը։
Իսկ այն հարցին, թե ինչ է տալիս ԵՄ-ն մեզ, ու ինչու է կարևոր Վրաստանի ԵՄ ինտեգրումը, Վարդուհին տվեց հետևյալ պատասխանը․«ԵՄ-ն, ըստ իս, լավագույն ճանապարհն է մեր երկրի սոցիալականացման և զարգացման համար։ ԵՄ-ի հետ մենք կկարողանանք այնպիսի պետությունների հետ համագործակցել, որոնք թե՛ տնտեսապես, թե՛ հասարակական նորմերով մեզանից ավելի առաջ են։ ԵՄ-ն Վրաստանի համար կհարթի մի ճանապարհ, որը մինչ այժմ անհասանելի է եղել։ Իսկ օտարերկրյա մեր գործըներները կնպաստեն մեր երկրի ճանաչողականության աճին»։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան, ստաժոր