Երիտասարդների տրամադրվածությունը գալիք ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերին կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Շատ երիտասարդների համար այս ընտրություններն առաջին հնարավորությունն են մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին: «Ալիք Մեդիա Վրաստանը» զրուցել է ընտրության իրավունքից առաջին անգամ օգտվող երիտասարդների և ընտրական հարցերով մասնագետների հետ:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) 2023 թվականին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացված հետազոտությունը վկայում է, որ  երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն  քաղաքականությամբ։ NDI-ը, ուստի, եզրակացրել էր, որ 2024 թվականի ընտրություններին հնարավոր է ավելի քիչ երիտասարդ մասնակցի, քան նախկինում, բայց երիտասարդների քաղաքական ակտիվությունը աճել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունելուց հետո։

Զրուցակիցների խնդրանքով մեկնաբանությունները ներկայացնում ենք անանուն։

«Շատ երկար ժամանակ կարծում էի, որ քաղաքականությունը ձանձրալի է, ինձ չի վերաբերում, ավելի ճիշտ չէի էլ փորձել հետաքրքրվել և հասկանալ։ Հիմա, սակայն, հասկանում եմ, որ խոսքը մեր ապագայի մասին է։ Անպայման գնալու եմ ընտրություններին, քվեարկությունն իմ հնարավորությունն է՝ ազդելու ընտրությունների ելքի վրա, ապահովելու իմ ուզած ապագան։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ քվեարկելս այսքան լարված ժամանակի հետ է համընկել», — կիսվել է 19 ամյա ուսանողը։

Եվրոպական միությանն ինտեգրվելու ճանապարհը մեր զրուցակից երիտասարդ ընտրողներին մոտիվացնող գործոն է.

«Կարող եմ ասել, որ մինչև ռուսական օրենքը, ինձ չի հետաքրքրել քաղաքականությունը, ավելի կոնկրետ Վրաստանի քաղաքականությունը, հենց այդ օրենքով առաջացած լարվածությունից սկսեցի հետաքրքրվել։ Եթե անկեղծ, լինելով արական սեռի ներկայացուցիչ՝ տեսնելով խոպանում ապագա փնտրողներին, չեմ ուզում այդ ուղղին շարունակեմ։ Չեմ ուզում, որ  մենք՝ Վրաստանի երիտասարդներս, զրկվենք շատ հնարավորություններից և բարիքներից՝ հեռանալով եվրոպական ընտանիքից», — 19 տարեկան ուսանողն է ընդգծում։

Չնայած վերը նշված դեպքերի, երբ երիտասարդները նշում են քվեարկելու կարևորությունը, քաղաքացիական նիհիլիզմը դեռևս մեծ խնդիր է։

«Ես չեմ կարծում, որ այս երկրում որևէ բան կփոխվի, բայց կգնամ քվեարկելու, առաջնորդվելով ընտանիքիս խորհրդով, բայց ընտրելու եմ ոչ թե այն մտքով, որ մի բան կփոխվի իմ ընտրելով, այլ՝ դա իմ պարտքն է, հետաքրքրված չեմ քաղաքականությամբ», — ասում է 20-ամյա մի ուսանողուհի։

Ի դեպ, նիհիլիզմի հետ կապված, զրուցել ենք ԹՊՀ-ի պրոֆեսոր Զուրաբ Դավիթաշվիլիի հետ: Նրա խոսքով, այն մտածելակերպը, որ մեկ ձայնը որևէ բան փոխել չի կարող, շատ վատ է անդրադառնում ընտրողների ակտիվության վրա։

«Համապատասխան խոսք կա՝ «Լավ մարդիկ վատ իշխանության գալուն են նպաստում, քանզի չեն մասնակցում ընտրություններին»։ Երիտասարդների մասնակցությունը կարևոր է, սա երիտասարդների երկիրն է։ Կարևոր է ցանկացած երիտասարդի, ցանկացածի ձայնը։ Երիտասարդության՝ ընտրություններին չմասնակցելը ցածր քաղաքական կուլտուրայի դրսևորում է», — զրույցում նշեց Դավիթաշվիլին։

Վերջին ամիսների բողոքի ցույցերը և լարվածությունը ոգեշնչել են ոչ ակտիվ երիտասարդներին:

«Մեծ հավանականությամբ կգնամ ընտրություններին, դեռ չգիտեմ։ Ընդամենը մեկ անգամ եմ եղել բողոքի ցույցի, բայց մեծ ցանկություն առաջացավ նպաստել նրան, որ սա երբեք չկրկնվի։ Ես չեմ տուժել բախումներից, բայց վնասվածք է ստացել ընկերս։ Չեմ կարծում, թե մեր երկրում, մեր կյանքում այս ընտրությունները ինչ որ բան կփոխեն, բայց չեմ ուզում այդ ցույցերը կրկնվեն», — ասում է 20  տարեկան մեկ այլ ուսանող։

Հարկ է անդրադառնանք նաև ընտրություններում էթնիկ փոքրամասնությունների մասնակցությանը, որի մասին զրուցեցինք «Բազմազգ Վրաստան»-ի (PMMG) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլիի հետ։

«Էթնիկ փոքրամասնության ներգրավվածության համար հարկավոր է տեղեկատվությունը հասանելի դարձնել, օրինակ՝ թարգմանելով ընտրական ծրագրերը, բյուլետեները։ Այսօր սկսում է փոփոխվել այն միտումը, թե էթնիկ փոքրամասնությունները միայն իշխանությանն են ձայն տալիս, փոխվում է նաև ընտրաթերթիկում միայն ընդգծելու սովորույթը, զարգանում է բանական ընտրություն կատարելը»։

Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։

Հեղինակ՝
Մարիաննա Մանուկյան