Երիտասարդների ձայնը. Եվգինե Ղարսլյան

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է զրուցել երիտասարդների հետ՝ լուսաբանելու նպատակով նրանց համայնքների խնդիրները։ Այս անգամ իր համայնքի հիմնախնդիրների մասին խոսեց Նինոծմինդայի բնակիչ, Իլիայի պետական համալսարանի բիզնեսի ֆակուլտետի ուսանողուհի Եվգինե Ղարսլյանը։

Եվգինեի կարծիքով՝ Նինոծմինդայում դեռևս արդիական և առաջնային խնդիր է պետական լեզվին տիրապետելու դժվարությունը, որը հանգեցնում է բազմաթիվ խոչընդոտների։ «Լեզվի չիմացության պատճառով մարդիկ չեն կարողանում լիարժեք ինտեգրվել սոցիալական և քաղաքական կյանքին, ունեն սահմանափակ տեղեկություններ երկրի իրադարձությունների մասին և չեն կարողանում ակտիվորեն մասնակցել դրանց», — նշեց նա։

Լեզվական խոչընդոտը նաև զգալի ազդեցություն է ունենում աշխատաշուկայում, քանի որ բազմաթիվ աշխատատեղերում պետական լեզվի իմացությունը պարտադիր պահանջ է։ Իրավական տեսանկյունից ևս խնդիրներ են առաջանում, քանի որ լեզվի չիմացությունը բարդացնում է պաշտոնական փաստաթղթերի ըմբռնումը, լրացումը և իրավական հարցերի լուծումը՝ ստիպելով մարդկանց ապավինել թարգմանիչների օգնությանը։

Եվգինեի կարծիքով` այս խնդրի հիմնական պատասխանատուն կառավարությունն է, քանի որ դա սկսվում է կրթական համակարգից։ «Դպրոցներում վրացերենի դասերին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, մշակել նոր մեթոդներ ու ծրագրեր, որպեսզի երիտասարդներն ավելի լրջորեն ըմբռնեն այս հարցը և ցանկություն ունենան սովորելու պետական լեզուն», — ընդգծեց նա։

Լուծումներից մեկը կարող է լինել վրացերենի ուսուցման կենտրոնների ավելացումը, նաև տարբեր միջոցառումների և վերապատրաստումների կազմակերպումը, որոնք կխթանեն լեզվի ուսուցումը։

Եվգինեն նաև կարծում է, որ այս հարցում պատասխանատվություն կրում են ոչ միայն պետական կառույցները, այլև բնակիչները. «Ամեն մարդ ինքը պետք է ցանկություն հայտնի սովորելու նոր բան, սակայն, ցավոք, մեր շրջանում քիչ են այն մարդիկ, որ պատրաստ են ջանքեր գործադրելու պետական լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու համար»։

Ըստ Եվգինեի՝ այս խնդրի լուծումը պահանջում է ինչպես պետական, այնպես էլ հասարակական ուշադրություն և ակտիվ գործողություններ, քանի որ լեզվի տիրապետումը համայնքի զարգացման, սոցիալական ակտիվության և մասնագիտական հաջողության կարևորագույն գործոններից է։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակելու է խոսել երիտասարդների հետ՝ բարձրաձայնելու նպատակով նրանց համայնքների խնդիրները: