Երիտասարդների ձայնը. Սվետլանա Լևինա

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է զրուցել երիտասարդների հետ՝ լուսաբանելու նպատակով նրանց համայնքների հիմնախնդիրները։ Այս անգամ իր քաղաքի` Ախալքալաքի խնդիրներից խոսեց Իլիայի պետական համալսարանի ուսանողուհի Սվետլանա Լևինան։

Սվետլանայի կարծիքով` Ախալքալաքի երիտասարդների համար այսօր ամենաակտուալ խնդիրները երեքն են՝ կրթության որակը, արտադասարանական ակտիվության և առողջ կենսակերպի խթանման պակասը։

«Կրթության որակի բարելավումը շատ կարևոր է, քանի որ երիտասարդները պետք է հնարավորություններ ունենան իրենց ապագան կառուցելու։ Ուսումնական գործընթացը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին, որպեսզի մենք չզգանք կրթական թերությունները», – նշեց Սվետլանան։

Բացի կրթության որակից, երիտասարդները չունեն բավարար հնարավորություններ մասնակցելու մշակութային, կրթական կամ սպորտային ծրագրերին։ «Քաղաքում քիչ են այն վայրերը, որտեղ կարող ես ինքնազարգացմամբ զբաղվել, միանալ ակումբների կամ մասնակցել հետաքրքիր միջոցառումների», – ասաց նա։

Սվետլանան անդրադարձավ նաև առողջ կենսակերպի խնդրին. «Ֆիզիկական ակտիվության ու առողջ սննդի խթանումը պետք է ավելի մեծ ուշադրության կենտրոնում լինի։ Մեր քաղաքում սպորտային ու առողջության պահպանման հնարավորություններն էլ են սահմանափակ»։

Երիտասարդների ապագայի վրա խնդիրների ազդեցությունը

Այս խնդիրներն ունեն խոր ազդեցություն Ախալքալաքի երիտասարդների կյանքի որակի ու ապագայի վրա։ Կրթության բացթողումները ստիպում են շատ երիտասարդների լքել քաղաքը՝ այլ վայրերում ավելի լավ կրթություն ստանալու ձգտմամբ, ինչը նպաստում է արտագաղթին։

Արտադասարանական հնարավորությունների բացակայությունը սահմանափակում է երիտասարդների զարգացումը։ «Երբ երիտասարդները չունեն տեղ, որտեղ կարող են իրենց հետաքրքրություններին համապատասխան գործունեություն ծավալել, նրանք կամ մեկուսանում են, կամ դառնում պասիվ հասարակության անդամներ», — ասաց Սվետլանան։

Առողջ ապրելակերպի պակասը երկարաժամկետ ազդեցություն է ունենում համայնքի առողջության վրա։ «Ֆիզիկական ակտիվության պակասը և առողջ սննդի բացակայությունը կարող են լուրջ առողջական խնդիրների հանգեցնել», – ընդգծեց նա։

Ո՞վ է պատասխանատու այս խնդիրների լուծման համար

Սվետլանայի կարծիքով` այս խնդիրների լուծումը պահանջում է համատեղ ջանքեր։

Տեղական կառավարությունը պետք է ներդրումներ կատարի կրթության, երիտասարդական ծրագրերի և սպորտային կենտրոնների զարգացման համար։

Կենտրոնական կառավարությունը պետք է իրականացնի կրթական բարեփոխումներ, աջակցի առողջ ապրելակերպի խթանմանը և մշակութային զարգացման ծրագրերին։

Տեղական բնակչությունը նույնպես պետք է ներգրավվի այս գործընթացում։ «Ծնողները, ուսուցիչները և համայնքի անդամները պետք է խրախուսեն երիտասարդների ակտիվությունը», – ասաց Սվետլանան։

Կազմակերպություններն ու բիզնես ոլորտը կարող են ֆինանսավորել կրթական ու սոցիալական ծրագրեր, աջակցել երիտասարդների զարգացմանը։

«Եթե մենք ուզում ենք, որ մեր քաղաքն ու համայնքը զարգանան, պետք է բոլորս միասին աշխատենք՝ ապահովելու համար ավելի որակյալ կրթություն, նոր հնարավորություններ և առողջ ապրելակերպի մշակույթ», – եզրափակեց Սվետլանան։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակելու է խոսել երիտասարդների հետ՝ բարձրաձայնելու նպատակով նրանց համայնքների խնդիրները: