
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է զրուցել երիտասարդների հետ՝ բարձրաձայնելու նպատակով նրանց համայնքների խնդիրները։ Այս անգամ մեզ հետ զրուցել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի ուսանողուհի Մարգարիտա Հակոբյանը, որը ներկայացնում է Բորժոմիի շրջանի Չիխարուլա գյուղի մարտահրավերները։
Լեզվական խոչընդոտ և կրթական հնարավորությունների պակաս
Մարգարիտան ընդգծեց, որ համայնքի երիտասարդների համար լուրջ խնդիր է վրացերենի չիմացությունը, ինչը սահմանափակում է նրանց կրթական և մասնագիտական հնարավորությունները։
«Լեզվի խոչընդոտի պատճառով ես նույնպես ստիպված էի համալսարան ընդունվել «1+4» ծրագրով։ Համայնքում չկան համապատասխան և բավարարաչափ հնարավորություններ, որոնք կարող են օգնել երիտասարդներին սովորել վրացերենը»,- նշեց նա։
Բացի լեզվական խնդիրներից, համայնքում բացակայում են բազմակողմանի զարգացման կենտրոնները, որոնք կարող են երիտասարդներին աջակցել կրթության, մշակութային և ֆիզիկական զարգացման հարցերում։
«Օրինակ՝ իմ համայնքում չկա գոնե մեկ կենտրոն, որը հնարավորություն կտար դեռահասներին մասնակցելու կրթական և մշակութային ծրագրերի կամ զբաղվել սպորտով»,- ասաց Մարգարիտան։
Տրանսպորտային խնդիրներ և սահմանափակ հասանելիություն
Չիխարուլայի բնակիչները կանգնած են նաև լոգիստիկ խնդիրների առջև, ինչը խոչընդոտում է կրթության և աշխատանքի հնարավորություններին։
«Մեր գյուղից և շրջակա տարածքներից ամեն օր մոտակա քաղաք հասնելը շատ դժվար է, քանի որ հասարակական տրանսպորտը կանոնավոր չի գործում։ Դրա հետևանքով երիտասարդները հաճախ հնարավորություն չունեն մասնակցելու քաղաքներում անցկացվող կրթական և մասնագիտական ծրագրերին»,- նշեց նա։
Տեղական իշխանությունների անտարբերությունը և պահանջվող քայլերը
Չնայած այս խնդիրներին՝ մինչ օրս տեղական իշխանություններից չեն եղել հստակ խոստումներ կամ նախաձեռնություններ՝ լուծումներ առաջարկելու համար։
«Մինչ օրս ոչ մի պաշտոնական խոստում կամ նախաձեռնություն չի եղել այս խնդիրների լուծման վերաբերյալ։ Մեր համայնքը, մեր երիտասարդները աջակցության կարիք ունեն, բայց կարծես անտեսված են»,- ասաց Մարգարիտան։
Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որ ինչպես տեղական իշխանությունները, այնպես էլ հասարակությունն ավելի ակտիվ լինեն՝ այս խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ պահանջելու գործում։
«Պետք է ավելի ինտենսիվ բարձրաձայնենք այս հարցերը, որպեսզի համապատասխան մարմինները քայլեր ձեռնարկեն։ Մեր ապագան կախված է մեզանից, և մենք պետք է պայքարենք ավելի լավ հնարավորությունների համար»,- ընդգծեց նա։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է ներկայացնել երիտասարդների խնդիրները՝ նպաստելով դրանց բարձրաձայնմանը: