
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է ներկայացնել երիտասարդների տեսակետները իրենց համայնքներում առկա խնդիրների վերաբերյալ։
Այս անգամ խոսեցինք Իլիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ուսանողուհի Կարինա Շահանյանի հետ։ Նա Ծալկայից է` Ղզլքիլիսա գյուղից։
Բնական գազի բացակայությունը` Ծալկայի բնակչության գլխավոր խնդիր
Կարինան նշեց, որ Ծալկայի բազմաթիվ գյուղերում մինչ այժմ բնական գազ չկա, և դա լուրջ խնդիր է հատկապես ձմռան ամիսներին։ «Իմ գյուղում՝ Ղզլքիլիսայում, այս ձմռանը վերջապես գազ անցկացվեց, բայց բազմաթիվ այլ գյուղերում մարդիկ դեռևս զրկված են այդ հնարավորությունից», – պատմեց նա։
Ջեռուցման այլընտրանքային տարբերակների բացակայության պատճառով բնակիչները ստիպված են գնել, կտրել և չորացնել վառելափայտը՝ ձմռանը տաքանալու համար։ «Սա ոչ միայն ֆինանսական բեռ է, այլ նաև ֆիզիկապես բարդ գործընթաց, հատկապես տարեց բնակիչների համար», – հավելեց Կարինան։
Երիտասարդական կենտրոնի բացակայությունը՝ զարգացման խոչընդոտ
Գյուղի երիտասարդների համար մեկ այլ խնդիր է երիտասարդական կենտրոնի բացակայությունը։ Կարինան նշեց, որ նման կենտրոնները կարևոր դեր ունեն երիտասարդների զարգացման և ինքնադրսևորման համար։ «Այստեղ երիտասարդները հնարավորություն չունեն ոչ ֆորմալ կրթություն ստանալու, նոր հմտություններ ձեռք բերելու կամ մասնակցելու տարբեր ծրագրերի», – ասաց նա։
Քանի որ գյուղում համապատասխան ենթակառուցվածքներ չկան, երիտասարդները պետք է մասնակցեն այլ մունիցիպալիտետների երիտասարդական կենտրոնների աշխատանքներին, ինչը լրացուցիչ ծախսերի հետ է կապված։ «Այս ամենը սահմանափակում է մեր հնարավորությունները և ստիպում է շատերին լքել գյուղը», – նշեց Կարինան։
Ի՞նչ է արվում այս խնդիրների լուծման համար
Կարինայի խոսքով, այս խնդիրները չեն ստացել պատշաճ լուծում։ Միայն ընտրություններից առաջ Ղզլքիլիսա գյուղում բնական գազ է անցկացվել, սակայն համայնքի այլ հիմնախնդիրները տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում չեն։ «ՏԻՄ-ը անտեսում է բոլոր կարևոր խնդիրները։ Եթե նույնիսկ դիմենք որևէ խնդրի լուծման համար, պատասխանը հիմնականում անտեսումն է», – դժգոհեց Կարինան։ Նրա կարծիքով, նման մոտեցումն է, որ խոչընդոտում է գյուղի զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակելու է ներկայացնել երիտասարդների մտահոգությունները՝ բարձրաձայնելու իրենց համայնքների խնդիրները: