
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակում է զրուցել երիտասարդների հետ՝ լուսաբանելու նպատակով նրանց համայնքի հիմնախնդիրները։ Այս անգամ իր գյուղի խնդիրների մասին խոսում է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ուսանող Գարիկ Գասպարյանը, որը ծնունդով Մառնեուլիի Կարմիր գյուղից է։
Լեզվական պատնեշ՝ համայնքի գլխավոր խնդիրը
Գարիկը կարծում է, որ իր գյուղի և ընդհանրապես էթնիկ փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար ամենակարևոր խնդիրը լեզվական պատնեշն է։ Չնայած տարբեր ծրագրերին ու բարելավումներին, խնդիրը դեռևս մնում է չլուծված։
«Լեզվի չիմացության պատճառով մեր բնակչությունն ունի իրազեկվածության պակաս. նրանք չունեն բավարար տեղեկատվություն իրենց իրավունքների, երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին», – նշեց նա։
Լեզվական խոչընդոտի հետևանքները
Գարիկի կարծիքով, լեզվական խոչընդոտը խորապես ազդում ե տեղաբնակների կյանքի որակի վրա՝ առաջացնելով մի շարք խնդիրներ։
«Լեզվի չիմացությունը ստեղծում է տեղեկատվական վակուում, խոչընդոտում որակյալ կրթության ստացմանը, սահմանափակում մարդկանց մասնակցությունը տարբեր ծրագրերի ու նախագծերի», – ասաց նա։
Պետական լեզվին չտիրապետելը նաև դժվարացնում է սոցիալական ինտեգրացիան, հաղորդակցությունը և անձնական խնդիրների լուծումը։
Խնդրի հաղթահարման ուղղությամբ կատարված քայլերը և անելիքները
Թեև որոշ ծրագրեր իրականացվում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ բնակիչների կողմից, դրանք դեռ բավարար չեն։
Գարիկը կարծում է, որ վրացերենի ուսուցմանն անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել, հատկապես դպրոցներում։ «Հայերով և ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում շաբաթական 4-5 ժամը բավարար չէ վրացերենը լավ սովորելու համար, իսկ մեծահասակների համար պետական լեզուն սովորելու հնարավորություն գրեթե չկա», — նշեց նա։
Բացի թվարկածից, համայնքի բնակիչները հաճախ չունեն վրացերեն շփվելու միջավայր։ «Եթե մարդը չի կարողանում լեզուն օգտագործել առօրյայում, ժամանակի ընթացքում դա մոռացվում է», – ընդգծեց Գարիկը։
Չնայած առկա դժվարություններին, Գարիկը հույս ունի, որ ապագայում լեզվական արգելքը կվերանա, և բոլորը կկարողանան առնվազն հաղորդակցման մակարդակով տիրապետել պետական լեզվին։
«Լեզվական արգելքի հաղթահարումը հեշտ չէ, բայց եթե բոլորս՝ պետությունը, հասարակությունը, կրթական հաստատությունները, ավելի մեծ ջանքեր գործադրենք, մի օր այս խնդիրը կարող է լուծվել», – եզրափակեց նա։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը շարունակելու է խոսել երիտասարդների հետ՝ բարձրաձայնելու նպատակով նրանց համայնքների խնդիրները։