Թբիլիսիի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել մետրոյում երիտասարդին ծեծի ենթարկելու համար մեղադրվող երկու «տիտուշկաներին» (դիմակավորված տղամարդիկ): Դատավոր Լևան Գելովանին որոշել է, որ 2000 լարի գրավը կապահովագրի «տիտուշկաների» կրկնակի հանցագործության կատարումից:
«Վեճի ժամանակ վիրավորել են տուժողին։ Մասնավորապես, նա դեմքին հարված է ստացել, ամբաստանյալներից մեկը նաև բռնել է նրա կոկորդից։ Այս ամենը միասին տուժողին ֆիզիկական ցավ են պատճառել»,- ասել է մեղադրող դատախազը։
Դատախազը 3000 լարի գրավ է պահանջել, բայց դատավորը հաշվի է առել մեղադրյալների խնդրանքը և 2000 լարիի չափով է գրավ նշանակել։ Նրանք 30 օր ժամանակ ունեն այս գումարը վճարելու համար։
Դեկտեմբերի 16-ի երեկոյան «Մաուծկղեբելի» մեդիա հարթակը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ սևազգեստ «տիտուշկաները» ֆիզիկական բռնության են ենթարկում մետրոյի վագոնում գտնվող երիտասարդին: