Սոցիալական ցանցերում 13-ամյա աղջկա ինտիմ բովանդակության տեսանյութեր տարածելու մեղադրանքով 19-ամյա տղա է ձերբակալվել, հայտնում է Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Քննչական մարմնի հայտարարության մեջ նկարագրված է, որ կեղծ անուն-ազգանունով երիտասարդը Facebook սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 13-ամյա աղջկա հետ, որից հետո մեղադրյալը վախեցնելով, թե հանդիպման մասին կտեղեկացնի դեռահասի ծնողներին, 13-ամյա աղջկան ստիպել է մերկ լուսանկարներ և տեսագրություններ ուղարկել իրեն:
2024 թվականի մայիսին մեղադրյալը անչափահաս տուժողի 17-ամյա քրոջն ու խորթ հորը ուղարկել է 13-ամյա աղջկա ինտիմ տեսագրությունները։ Նա տուժողի քրոջից ևս պահանջել է մերկանալ իր առջև, հակառակ դեպքում՝ սպառնացել է հրապարակայնացնել առկա ինտիմ տեսագրությունները։
«Մերժումը ստանալուց հետո մեղադրյալը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ինտիմ բովանդակության տեսանյութերը, որոնք արվել են տուժած անչափահասի հետ տեսազանգերի միջոցով շփվելիս»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՔԾ-ից հայտնում են՝ տուժող անչափահասի մոր դիմումից հետո հետաքննություն է սկսվել։ Մեղադրյալի անձնական իրերի խուզարկությամբ՝ նրա բջջային հեռախոսում հայտնաբերվել և որպես ապացույց վերցվել են 13-ամյա աղջկա ինտիմ տեսագրություններ։
Մեղադրյալը ձերբակալվել է Վրաստանի «Քրեական օրենսգրքի» 157-րդ հոդվածի առաջին մասով (անօրինական կերպով ձեռք բերել, պահել, օգտագործել, տարածել կամ այլ կերպ մուտք գործել անձնական կյանքի գաղտնիքներ])։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի ազատազրկում։ Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։