Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավոր ոստիկաններին։
Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է, որ Իրակլի Խոփերիային խոշտանգելու գործով դեռևս որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել՝ չնայած, որ հետաքննությունը կարող է կոնկրետ ոստիկանների մեղադրանք ներկայացնել:
Երիտասարդ իրավաբանների գնահատմամբ, Խոփերիան 2017 թվականի փետրվարի 16-ին առանց որևէ իրավական հիմքի բերման է ենթարկվել Վակե-Սաբուրաթալոյի ոստիկանական 5-րդ բաժանմունք, որտեղ ոստիկանների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի է արժանացել:
Խոփերիան ասել է, որ ոստիկանները պահանջել են՝ «իր վրա վերցնել այն հանցագործությունը, որը չի արել», սպառնացել են թմրանյութ դնել գրպանում և ֆիզիկական վնաս են պատճառել: Նրան բաց են թողել միայն այն ժամանակ, երբ ճշտել են, որ սխալմամբ են բերման ենթարկել՝ այլ անձի փոխարեն:
Այս պահին գործն ուսումնասիրում է Վրաստանի դատախազությունը: Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է, որ եղած փաստերն ապացուցում են որոշ ոստիկանների կողմից գործած հանցանքը:
«Իրակլի Խոփերիան ֆիզիկական վնասվածքներ է ստացել հենց Վակե-Սաբուրթալոյի 5-րդ բաժանմունքում՝ ոստիկանների հսկողության տակ գտնվելու ժամանակ: Վնասվածքները հաստատված են դատաբժշկական փորձաքննությամբ և այլ բժշկական փաստաթղթերով:
Արձանագրություններով և այլ ապացույցներով հաստատված է ոստիկանության այն աշխատակիցների ինքնությունը, որոնց կողմից Խոփերիան ոչ պատշաճ վերաբերմունքի է արժանացել է: Վակե-Սաբուրթալոյի ոստիկանական բաժանմունքի մի խումբ կոնկրետ աշխատակիցներ սուտ ցուցմունք են տվել՝ խեղաթյուրելով փաստերը»,-ասված է կազմակերպության հայտարարությունում:
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գնահատմամբ, ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են հանդիսանում որոշ ոստիկանների նկատմամաբ մեղադրանք առաջադրելու համար, սակայն դատախազությունը մինչ օրս չի իրականացնում օրենքով սահմանված պարտականությունները:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է անում դատախազությանը՝ քրեական հետապնդում սկսել Խոփերիայի հանդեպ խոշտանգումներ իրականացրած և այլ հանցանք գործած ոստիկանների նկատմամբ: