Երեխաներն ամենախոցելի խումբն են Վրաստանում. նախկին օմբուդսմեն

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Թե ի՞նչ վիճակում է Վրաստանում երեխաների պաշտպանությունը և արդյո՞ք բավարարում են գործող մեխանիզմները երեխաներին ավելի անվտանգ զգալու սեփական երկրում, «Ալիք Մեդիա»-ն խոսել է «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի հետ:

Նանուաշվիլին ցավով է փաստում, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության առաջնահերթությունը չէ, և կարելի է ասել, որ երեխաներն ամենախոցելի խումբն են Վրաստանում։ Նրա խոսքով, տարեցտարի երեխաների իրավունքների պաշտպանության բազմաթիվ խախտումներ են արձանագրվում, և վիճակը չի բարելավվել։

«Չնայած միջազգային և ազգային մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերին, երեխաների իրավունքների պաշտպանության չափանիշները մեզանում դեռ ցածր են։ Անչափահասների նկատմամբ բռնություն, ահաբեկում, աղքատություն և վատ կենսապայմաններ, կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության և առողջապահական խնդիրներ՝  երեխաներին հուզող խնդիրների փոքր ցանկն է»,- նշում է Նանուաշվիլին:

Նախկին օմբուդսմենը, սրանից բացի, խնդրահարույց է համարում նաև մանկական մահացության բարձր ցուցանիշը, երեխաների նկատմամբ բռնության հասարակության հանդուրժողական վերաբերմունքը, հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության առումով ծանր իրավիճակը, լեռնային շրջաններում հատկապես մտահոգիչ իրավիճակը, վաղ ամուսնության միտումները:

Նանուաշվիլին նշում է՝ խնդիրներից առաջնայինը բռնությունն է. ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական.

«Կրկնակի խնդիրն այն է, որ նման փաստերի բացահայտումը բավականին դժվար է հասկանալի պատճառներով, սակայն կարևոր է, որ բոլոր նման հաղորդումների առումով անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Բոլոր այն դժվարությունները, որոնք առկա են Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սրվում են լեռնային շրջաններում, հակամարտություններից տուժած և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում»:

DRI-ի հիմնադիրն ընդգծում է նաև՝ Վրաստանի խորհրդարանը 2019 թվականին ընդունել է «Երեխաների իրավունքների օրենսգիրքը», որը ներառում է երեխաների իրավունքների վերաբերյալ կարևորագույն օրենսդրական նորմեր:

«Սակայն օրենսդրական դաշտը մի բան է, իսկ գործնական իրավիճակը մեկ այլ, կտրուկ տարբերվում է․ միայն օրենքների ընդունումը չի կարող փոփոխություն բերել, եթե օրենքը փաստացի չի կիրառվում։ Այսինքն՝ կառավարությունը պետք է իրական քայլեր ձեռնարկի այս օրենսդրության փաստացի իրականացման համար, այլ ոչ թե գոյություն ունենա միայն թղթի վրա»,- ասում է Նանուաշվիլին:

Նանուաշվիլին փաստում է՝ երեխաների իրավունքների խախտումները դեռ բավականին շատ են, և Վրաստանում իրական փոփոխություններ չեն կատարվում: