Երևանում վրացական գրքի անկյուն բացելու շուրջ բանակցություններն արդեն սկսված են։
Օրերս Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանական ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցությանը և այն զարգացնելու հնարավորություններին։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով Վրաստանում և Հայաստանում ազգային գրադարանների դերը և կարևորությունը, ինչպես նաև նրանց նմանօրինակ առաքելությունը՝ ցանկություն է առաջացել, որ մշակութային այս երկու կառույցները սերտորեն համագործակցեն:
«Հույս ունեմ, որ այս ցանկությունը կկարողանանք թղթին հանձնել, և, ինչու ոչ՝ հետագայում Վրաստանի ազգային գրադարանում բացվի հայ գրականության անկյուն, Հայաստանում էլ վրացական գրականության անկյուն», — ասաց դեսպանը:
Վրաստանի խորհրդարանական ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում շեշտեց, որ Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանի հետ խոսել են ապագա աշխատանքային ծրագիր մշակելու, երկու երկրների միջև գրադարանային ոլորտում համագործակցության ակտիվացման մասին.
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի ազգային գրադարանի հետ և մտածում ենք դրանց խորացման ուղղությամբ, հենց այս տեսակ ճանապարհներով: Բազմաթիվ նախագծերի ենք անդրադարձել, վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի կարևոր ու հետաքրքիր», — նշեց Կեկելիձեն:
Ըստ տնօրենի՝ ազգային գրադարանում առկա հայկական արխիվային գրադարանն ամենօրյա ռեժիմով մշակվում է, ստեղծվում է էլեկտրոնային բազա և այդպիսով փորձում են գրական ֆոնդը կարգավորվել:
«Ցանկանում ենք Երևանի ազգային գրադարանում ստեղծել վրացական գրքի անկյուն՝ այնպես, ինչպես Թբիլիսիում է: Այդպիսով մենք մեր մշակույթին կարևոր նշանակություն կտանք», — եզրափակեց Կեկելիձեն: