Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Sputnik Armenia-ի հետ զրույցում հայտարարել է, որ հունիսի 27-ին Երևանում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Վարչապետի խոսնակի հայտարարությամբ՝ վրացական կողմից միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու են Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, իսկ հայկական կողմից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հատկանշական է, որ 2011-ից ի վեր նման նիստ տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետ ընտրվելու մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ալիք մեդիայի» այն հարցին, թե Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը նշվեց, որ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի, կա՞ն արդյոք թվեր ու առաջընթաց մատնանշող գործընթացներ, նշել էր, որ հունիսին նախատեսում են հայ-վրացական միջկառավարական խորհրդի նիստ։