Երևանում այսօր հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ 2008 թվականի փետրվարին Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին հետևեցին լայնածավալ բողոքի ցույցեր, որոնք դադարեցնելու նպատակով գործող իշխանությունները զենք կիրառեցին և մարտի մեկին զոհվեց տասը մարդ։
Սակայն 2018-ի ապրիլին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո 10 տարի տեղում դոփած Մարտի 1-ի գործով տեղի են ունենում ակտիվ քննչական գործողություններ։ Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ, կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հարցաքննվել են առաջին և երրորդ նախագահները։
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որը ցուցադրվել է տեղական բոլոր հեռուստաընկերություններով:
Իր ուղերձում Փաշինյանը հիշեցրել է, որ ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց:
«Այդ իրադարձություններից 11 տարի անց ահա, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:
2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն իր ելույթում հստակ արձանագրել է, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել, այնուհետև պետության անունից ներողություն է խնդրել 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. Մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Իսկ արդեն երեկոյան երթ անցկավեց Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ տեղի էին ունեցել սպանությունները:
Երթի տեսագրությունը՝
Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթ
Posted by Aliq Media on Friday, March 1, 2019