Երևանը Թբիլիսիին առաջարկում է միանալ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ Դիլիջան քաղաքում կայացած հանդիպմանը:
ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ և նշել, որ դա կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար: Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջև հաստատել ռազմավարական գործընկերություն:
«Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին և գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել»,- նշված է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին և վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»՝ Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին. «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»:
Ըստ տեղեկության՝ Սիմոնյանը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը՝ նաև հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Վրաստանի Ռուսթավի քաղաքում Հայաստանի պատվո հյուպատոսության բացման կապակցությամբ:
«Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձևաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների և աշխատակազմերի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձևաչափերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
Հիշեցնենք. օրերս Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել:
Հարկ է նշել, որ հոկտեմբերին Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին: Ըստ Փաշինյանի՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ` էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: