Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը «Կվիրիս պալիտրա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական ժողովրդի բարկությունից խուսափելու համար Ալիևը պատերազմ սկսեց: Այդ կերպ Ադրբեջանի նախագահը ցանկացել է «իր ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ու հույս ուներ, որ կհաղթի, սակայն հենց այս պատերազմն է դառնալու նրա դիկտատուրայի պարտության գլխավոր պատճառը»։
Սադոյանի կարծիքով` Ադրբեջանին ակտիվորեն սատարող Թուրքիան տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում դեռ այն պահից, երբ «քոչվոր թուրքական ցեղերը այս շրջան են եկել Ալթայի լեռներից»:
Անդրադառնալով Թբիլիսիում հակամարտող կողմերի համար բանակցությունների հարթակ տրամադրելու մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի նախաձեռնությանը՝ Սադոյանն ասել է, թե հայկական կողմը գնահատում է այս քայլը:
«Հայաստանի դիրքորոշումն այս առումով հստակ է. Մենք խաղաղություն ենք ուզում, ու մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների: Վարչապետի առաջարկի ուղիղ հասցեատերը Բաքուն է , որը ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ չէ բանակցության: Նրանք բախտը փորձում են մարտի դաշտում, ինչը նրանց համար լավ ավարտ չի խոստանում», — ասել է Սադոյանը: