
2023 թվականի հունիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների երկկողմ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը՝ փոխնախարարների մակարդակով։ Այս տեղեկությունը տարածում է Հայաստանում Վրաստանի դեսպանատունը:
Նշվում է, որ խորհրդակցությունները Վրաստանի կողմից վարել են արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
«Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը հանգամանալից քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության կայուն աճող դինամիկան և խոսել ապագա հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների մասին։