Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ, ի պատասխան լրագրողների հարցի, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին ընդգծել է՝ խաղաղ բանակցությունները բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Վարչապետը նշել է՝ Վրաստանը չեզոք դիրք է գրավել տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման համար։
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և կարևոր դեր ենք խաղացել պատերազմից հետո առաջին հաջող միջնորդության մեջ։ Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսին Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում կայացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպումից հետո Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր արել և նշել, որ Թբիլիսին հավատարիմ է մնում իր դրական դերը խաղալու հայ-ադրբեջանական հարաբերություններում։