Վրաստանի և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը կարագանա միայն Երևան-Բաքու համաձայնագրի կնքումից հետո, հայտարարել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետական օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ հայաստանյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
«Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը շահագրգռված են ավելի մոտ լինելու Եվրամիությանը և միասնական շուկային՝ լինի ազատ առևտրի պայմանավորվածություն, թե այլ բան: Նման ինտեգրումը, կարծում եմ, կարագանա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո և թույլ կտա ներդրումներ կատարել Հայաստանում, Վրաստանում և այլուր»,- ասել է Օ՛Բրայենը:
Ըստ նրա՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի օգուտներից կլինի ոչ միայն տարածաշրջանում ապրող մարդկանց անվտանգությունը, այլև առևտրային երթուղի ունենալու հնարավորությունը, որը կանցնի Ղազախստանից դեպի Թուրքիա՝ դուրս գալով Միջերկրական ծով կամ Սև ծով:
«Եվ այդ երթուղին կլրացնի մեկ այլ երթուղի, որն արդեն գոյություն ունի Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան՝ դեպի Սև ծով: Այս երկու երթուղիները միասին կապահովեն Կենտրոնական Ասիայի երկրների առաջին մուտքը համաշխարհային շուկա, որը կախված չի լինի Ռուսաստանից կամ Չինաստանից: Եվ դա մի հնարավորություն է, որին մենք մեծապես աջակցում ենք։ Դուք կտեսնեք, թե դրանով ինչպես են տարածաշրջանի տնտեսությունները շահում՝ ավելի բաց լինելու, մարդկանց ազատ տեղաշարժի, նաև ցանկացած վայրում ապրելու հնարավորության առումով»,- հավելել է Օ՛Բրայենը: