Փետրվարի 7-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 325 838-ի: Մեկ օրում արձանագրվել է 11 235 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 106 221 մարդ։
Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ (booster) դոզայով 50-ից բարձր տարիքի պատվաստվող քաղաքացիների 100 լարի (մոտ 30 ԱՄՆ դոլար) խրախուսական ծրագրի ներդրումից հետո պատվաստել է 50-60 տարեկան 17 850 քաղաքացի։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ դեկտեմբերի կեսերից մինչև փետրվարի 7-ը Վրաստանում գրանցվել է 72 տիպի գրիպի վիրուս: Գամկղրելիձեի խոսքով՝ այս տարի տարածված է A տիպի H3 վիրուսը, շրջանառվում են նաև շնչառական-սինցիցիալ՝ ադենո և էնտերո վիրուսներ։ Ըստ Գամկղրելիձեի, հիվանդների մոտ կորոնավիրուսի և գրիպի վիրուսի միաժամանակյա լաբորատոր հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ համավարակի ընթացքում Վրաստանում ավելացել է 112 ծառայությանն աննպատակային զանգերի քանակը: Կատարված զանգերի շուրջ 30 տոկոսը եղել է աննպատակային: Ի դեպ, 112-ը սպասարկվում է նաև հայերենով: Զանգելուց հետո պետք է նշել՝ միացնել հայալեզու օպերատորի:
Ֆինանսական շուկայի Bloomberg համակարգում փետրվարի 7-ին առևտուրը սկսվել է լարիի փոխարժեքի ամրապնդմամբ։ Փոխարժեքը բացվել է 2,9750 լարիով և վերջին մի քանի ժամում ամրապնդվել է 4 թեթրիով, ինչի արդյունքում՝ ժամը 13։00-ի դրությամբ մեկ դոլարը համակարգում վաճառվում է 2,9285 լարիով։
Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի 7-ին լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 3,87 թեթրիով։ Ըստ այդմ՝ պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 8-ից, 1 դոլարի արժեքը կազմել է 2,9480 լարի։ Ազգային արժույթն ամրապնդվել է նաև եվրոյի նկատմամբ։ Պաշտոնական փոխարժեքով 1 եվրոյի արժեքը կազմել է 3,3669 լարի, ինչը 5,79 թեթրիով պակաս է նախորդ օրվա փոխարժեքից։
Երեկվա դրությամբ՝ Վրաստանում հեղուկ գազի արժեքը 1․95 լարիից նվազել էր մինչև 1․40-1․38 լարի:
Երեկ՝ Թբիլիսիի Էլիավայի շուկայում հրդեհ էր բռնկվել, որը կարճ ժամանակ անց հնարավոր է դարձել մարել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի վարչության պետ Օթար Կերեսելիձեի խոսքով՝ հրդեհը բռնկվել էր պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 1 000-1 500 քմ տարածք։
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքում տաքսիների բարեփոխման հաջորդ փուլը նախատեսվում է սկսել ամռանը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ խորհրդակցություններ են ընթանում տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների հետ։
«Ներքին աշխատանքներ ու ծառայություններ մատուցողների հետ խորհրդակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Բարեփոխման երրորդ փուլը կսկսենք ամռանը։ Այս մասին քաղաքապետը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Խմալաձեն։
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Վրաստանում ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննություններն այս տարի տեղի կունենան ամռանը։ Այս մասին հայտնել էր քննությունների և գնահատման ազգային կենտրոնը։
2022 թվականի ամռանը բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան անցնել համապատասխան քննությունն ու բարձրացնել իրենց կարգավիճակը։ Այս տարի առաջին անգամ քննություններին կմասնակցեն ոչ վրացալեզու դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչները, ինչպես նաև ավագ և առաջատար ուսուցիչների համար կանցկացվի պրոֆեսիոնալ ունակությունների քննություն։
2022 թվականի ապրիլից Վրաստանի երկաթուղու մասնակցությամբ Բաքու-Թուրքմենբաշի-Բաքու ուղղությամբ կսկսեն գործել բեռնափոխադրում իրականացնող 2 նոր նավ։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, մի մասը՝ երկաթգծով: Նավերի թվի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաև շաբաթական փոխադրումների թիվը, եթե Կասպից ծովի հարակից շրջանում բարելավվեն եղանակային պայմանները։
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նիստում արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հրավիրել է օրենսդիր մարմին։ Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան։ Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և Արևմուտքի կողմից զսպվածության ֆոնին՝ տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծվում, և սա մեծ շանս է, որը պետք է օգտագործի Վրաստանը, բայց, ցավոք, նկատվում է Վրաստանի կառավարության լիակատար անգործությունը։
Փետրվարի 7-ին Վրաստանի Գորիի շրջանի Կիրբալի գյուղում՝ օկուպացիոն բաժանարար գծի մոտ, քաղաքական կուսակցությունները հայտարարել են հակաօկուպացիոն խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհրդի անդամները 4 ընդդիմադիր կուսակցություններ «Միացյալ Ազգային շարժում», «Լելո», «Ռազմավարություն Աղմաշենեբելի» և «Դրոա»-ն են։ Խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ռուսական «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում խոսել է օս ժողովրդի՝ Ռուսաստանի կազմում լինելու անհրաժեշտության մասին։ Դե ֆակտո նախագահի խոսքով՝ «Հինգ քայլ դեպի Ռուսաստան» ծրագիրն անհրաժեշտ է՝ Ռուսաստանի կազմում Հարավային Օսիայի միավորման նպատակով պայմաններ ստեղծելու համար։
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետևում են Վրաստանի՝ Եվրոպայի հետ առանց վիզայի ճանապարհորդության ծրագրին, հասկանալու համար՝ արդյոք Վրաստանը պատրաստ է դյուրացնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմը։ Ըստ Դեգնանի՝ Միացյալ Նահանգները գնահատում են Վրաստանի ջանքերը, սակայն վիզային ռեժիմի դյուրացումը հիմնված է խիստ պահանջների վրա:
Փետրվարի 7-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Հունաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հունաստան մեկնելու համար հակամաճարակային կանոններից ելնելով քաղաքացին պետք է բավարարի հետևյալ պայմաններից մեկը: Ավելին՝ այստեղ:
Երեկ՝ փետրվարի 7-ին, ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Քելի Դեգնանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Պապուաշվիլիի այցը ՆԱՏՕ և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում հանդիպումները։
Դեսպանի խոսքով, հանդիպմանը քննարկվել է նաև պետական տեսուչի փոխարեն ծառայությունների երկու նոր ղեկավարի նշանակման հարցը: Ըստ Դեգնանի՝ ինքը կարևորել է, որ նոր ծառայությունը ղեկավարելու համար ընտրվեն անկախ թեկնածուներ, որոնք կնշանակվեն օրենքով նախատեսված ժամկետներում։
ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հանդիպումից հետո ճեպազրույցում խոսելով Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկության մասին, ասել է, որ իրենց համար կարևոր է պաշտպանել Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները: Դեգնանն ասել է, որ չի կարող խոսել արդարադատության մասին, սակայն կարևոր է, որ Սաակաշվիլիին արժանապատվորեն վերաբերվեն։