Երեկվա օրը համառոտ. փետրվարի 27

Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումները չեն դադարում. եղանակային պայմանները հատկապես մեծ խնդիրներ են ստեղծել Գուրիայում և Աջարիայում։ Տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։ Շատ ընտանիքներ մնացել են առանց բնակարանի. բնակչության մեծամասնությանը էլեկտրաէներգիա և ջուր չի մատակարարվում։ Գուրիայի գյուղերում փետվարի 27-ի առավոտից կրկին ձյուն էր տեղում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 25-26-ը Օզուրգեթիի, Չոխատաուրիի և Լանչխութի մունիցիպալիտետներում շտապօգնության բժիշկներն արձագանքել են 81 կանչի, տեղում բուժօգնություն են ցուցաբերել 44 հոգու, հոսպիտալացրել 30 հոգու։

Վրաստանում փետրվարի 28-ից մարտի 2-ը սպասվում են սաստիկ ցրտահարություններ։

Ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի, Գուրիայի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի դպրոցներում:

Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը երեք ձնագնաց է ձեռք է բերել։

Վրաստանի Օնիի քաղաքապետարանը մունիցիպալիտետում տեղացած առատ ձյունից ճանապարհները մաքրելու համար բուլդոզեր է գնել:

Հանրային ռեգիստրը հերթական անգամ մերժել է գրանցել պետական ծառայողների անկախ արհմիությանը:

«Լսելի դարձրեք բաթումցի դրոշակակրի ձայնը». այս կարգախոսով վաղը՝ փետրվարի 28-ի ժամը 16-ին տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեմուր Քաթամաձեի: Հանրահավաքի մասին հայտարարել են ուսանողները:

Ռուսական Իլ-76 ինքնաթիռի չվերթով օկուպացված Աբխազիայից Մոսկվա կտեղափոխեն որակյալ բժշկական օգնության կարիք ունեցողներին, սակայն չվերթը հետաձգվեց:

Freedom House միջազգային կազմակերպության 2025 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն՝ Վրաստանն այն 14 երկրների թվում է, որտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պայմանները կտրուկ վատթարացել են։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) արագացնում է իսրայելական Cellebrite ընկերությունից 3 տարի ժամկետով արտոնագրի գնումը, որը ՆԳՆ-ին կօգնի առաջիկա տարիներին լիարժեք հասանելիություն ապահովել համակարգչային սարքերում և հեռախոսներում առկա տեղեկատվությանը: ՆԳՆ-ն նման արտոնագրի համար կծախսի մինչև 6,8 մլն լարի։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵ) սահմանել է հանրակրթական դպրոցների I-XII դասարանցիների էքստեռն կարգով քննություն հանձնել ցանկացողների ծրագիրը, ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները։