Փետրվարի 21-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 553 668-ի: Մեկ օրում արձանագրվել է 4 775 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 15 888:
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկրորդ՝ BA.2 տարբերակն ավելի վտանգավոր է առողջության համար, քան նախորդը՝ BA.1-ը: Ցերցվաձեի խոսքով՝ Վրաստանում դեպքերի մեծ մասը պայմանավորված է հենց BA.2 ենթատեսակով, որն էլ մահացության բարձր տեմպի պատճառներից մեկն է։
«Օմիկրոնի ամենավերջին տարբերակը՝ BA.2-ը, 1,5 անգամ ավելի վարակիչ է և արագ է տարածվում, քան «օմիկրոնի» առաջին ենթատեսակը՝ BA.1-ը: Դա առաջացնում է հիվանդության համեմատաբար ծանր ընթացք՝ շատ հաճախ հանգեցնելով թոքաբորբի»,- պարզաբանել է Ցերցվաձեն։
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդն այսօր՝ փետրվարի 22-ին, կքննարկի հարսանիքների, հոբելյանական միջոցառումների, հոգեհանգստյան և այլ արարողությունների ու տոնակատարությունների անցկացման հետ կապված սահմանափակումների մեղմացման հարցը։ Նմանատիպ միջոցառումների անցկացման հետ կապված Վրաստանում առկա են սահմանափակումներ՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից։
Վրաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ՀՀ ԿԳՄՍՆ) 2022թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հիբրիդ (համակցված) ձևաչափով:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է I-XII դասարանների ուսումնական ծրագիրը դրսեկության (էքստեռն) ձևով հաղթահարել ցանկացողների գրանցման և քննությունների ժամանակացույցը։ Քննությունների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը ներառյալ: Քննությունները կանցկացվեն մարտի 15-25-ն ընկած ժամանակահատվածում։
Երեկ պարզ դարձավ, որ Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 21-22-ը Երևանում մասնակցում է Եվրանեսթ (Euronest Parliamentary Assembly) խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին: Եվրանեսթի նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների և Եվրախորհրդարանի պատգամավորները:
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին խոսքով այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ են նախատեսված էլեկտրական մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ։ Նախարարի խոսքով, Վրաստանում էլեկտրամոբիլների արտադրությունը շատ ցանկալի, բայց նաև բավականին բարդ նախագիծ է։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 110,5 մլն դոլար, ինչը 41,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ 5 308 տոննա խնձոր։ Նախարարության տվյալների համաձայն՝ Վրաստանից արտահանվել է 38,2 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 18,7 մլն դոլար։ Ավելի մանրամասն՝ այստեղ:
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը փետրվարի 22-ին կայցելի Կախեթի։ Հարցելի պարզաբանմամբ, ԵՄ-ի նպատակներից մեկը մարզերի հավասարաչափ զարգացումն է։
«Երկօրյա այցս Կախեթի սկսելու եմ Մանավի բանտից։ Կենտրոնական և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կվերանայեմ այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք՝ նպաստելու շրջանների զարգացմանը» — լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։
Երեկ՝ փետրվարի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահն այցելել է Վրաստան։ Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին և Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Բեքա Օդիշարիան։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ՝ փետրվարի 21-ին կայացած իր գործով հերթական դատական նիստում անժամկետ հացադուլ է հայտարարել։ Սահակաշվիլին իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող գործընթացներին և ասել, որ «եթե ինչ-որ հիմար այսօր դեռ կարծում է, թե 2008-ին Վրաստանն է սկսել պատերազմը, ապա իր կարծիքով՝ այդ մարդը պետք է ուշադիր նայի Ուկրաինային»:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում օգնություն առաջարկել Դոնբասի բնակչությանը։ Ըստ Բժանիայի՝ «Աբխազիան մշտական կապի մեջ է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների կառավարությունների հետ», որոնք, ըստ նրա, ստիպված են եղել մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին:
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 43 քաղաքական կուսակցություն և 68 անկախ թեկնածու։ Ըստ տվյալների՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ընտրական սուբյեկտները ստացել են ընդհանուր առմամբ 28 մլն լարի եկամուտ, ընդ որում եկամուտների հիմնական աղբյուրը բյուջետային ֆինանսավորումն ու նվիրատվություններն են:
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր կայքէջ ունի:
Փետրվարի 21-ին՝ Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։
Փետրվարի 21-ին Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,09 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 2,9769 լարի։ Լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,22 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3821 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում առաջիկա օրերին եղանակը կտաքանա։