Փետրվարի 17-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 511 800-ի: Մեկ օրում արձանագրվել է 15 644 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 24 110 պացիենտ:
Ըստ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդացությունը սկսել է պակասել։ Փոխնախարարի խոսքով, հաջորդ շաբաթ, ըստ վարակվածության, պարզ կդառնա, թե որքանով է երկիրը հաղթահարել վարակի պիկը։
Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում 5-12 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում։ Նշենք, որ ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում 12-15 տարեկան, ինչպես նաև 16-17 տարեկանների շրջանում։
Ըստ Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի փետրվարի 17-ի տվյալների, մունիցիպալիտետի գործող 38 դպրոցներից համավարակի պատճառով հեռավար ուսուցման ռեժիմում են գտնվում՝ Սաթխա, Հեշտիայի թիվ 1, Սպասովկայի թիվ 1 և թիվ 2 դպրոցները: Բոլոր մնացած դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ` փոփոխություններ են կատարվել «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում։ Օրինագիծը խորհրդարանում քվեարկության է դրվել երեկ՝ փետրվարի 17-ին։ Նշվում է, որ փոփոխություններին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր։ Փոփոխությունների համաձայն՝ պետական գրանցման համար՝ դեղագործական արտադրանքի հետ պետք է ներկայացնել պատշաճ դեղարտադրության ստանդարտների (GMP) սերտիֆիկատը։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերին։ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ հիմնված Համագործակցություն ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) իրականացման մասին տարեկան զեկույցի վրա։ Եվրախորհրդարանը բանաձևով կոչ է արել Եվրամիությանն ու նրա անդամ երկրներին ճանաչել Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Բանաձևի տեքստում համապատասխան փոփոխություն է կատարվել Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգայի նախաձեռնությամբ։
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հնչեցրած քննադատությունը քննարկման առիթ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում։ Հարցելը նախօրեին քննադատել էր իշխող կուակցությանը։ Դիվանագետը մեկնաբանել է Պետական տեսչական ծառայության վերացումը և երեք ընդդիմադիր պատգամավորների լիազորություններից զրկելը։ Նրա կարծիքով՝ այս ամենը «վնասել է Վրաստանի քաղաքական ներառականությանը և ժողովրդավարական բազմակարծությանը»։ Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Հարցելի հայտարարություններն անվանել է անարդար և կողմնակալ։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղակալ Մզիա Ջորջիոբանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը փետրվարի 16-ին հանդիպել են ու համաձայնություն ձեռք բերել հետագա համագործակցության համար։
Էլգուջա Գոգիա-Դավիթ Խաչատրյան մենամարտում հաղթողին որոշելու համար պահանջվել է երեք փուլ։ Վրացի մարզիկն առավելության հասավ միայն վերջին ռաունդում և մրցավարների որոշմամբ՝ հաղթող ճանաչվեց։
Փետրվարի 17-ին՝ Վրաստանի դատախազությունը կեղծ փողեր տպելու և իրացնելու գործով ձերբակալել է 2 քաղաքացու։ Դատախազության տվյալներով` քաղաքացիներ Բ․Ց․-ն և Լ.Չ.-ն, վերջինիս բնակարանում գտնվող հատուկ սարքավորման միջոցով, սիստեմատիկ կերպով պատրաստել են 50 և 100 լարիանոց կեղծ թղթադրամներ, որոնք 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարի 12-ը շրջանառվել են Թբիլիսիում և Ռուսթավիի ութ վայրերում։
Ըստ Վրաստանի մրցակցային գործակալության ներկայացրած 2021 թվականի միջանկյալ հաշվետվության տվյալների՝ Վրաստանը 2021 թվականին ներմուծել է 1 453 707 000 լիտր բենզին և դիզելային վառելիք, ինչը 7,2 տոկոսով ավելի է 2020 թվականից։ Մրցակցային գործակալության տվյալներով՝ վառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Թուրքմենստանից՝ կազմելով ընդհանուր ներմուծման 22,1%-ը։
Խորհրդարանում խոսելիս Վրաստանի ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին ցույց է տվել վերականգնման ամենաարագ տեմպերից մեկը։
«Մեր և միջազգային գործընկերների կարծիքով՝ Վրաստանն առաջիկա տարիներին կպահպանի բարձր տնտեսական աճը, ինչը կօգնի շարունակել վերականգնման գործընթացը», — ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Խուցիշվիլին նաև հայտարարել է, որ Վրաստանում 2021 թվականին իրական տնտեսական աճը հասել է 10,6 տոկոսի, ինչը 2,5 անգամ գերազանցում է ի սկզբանե կանխատեսվածը։ Նախարարի խոսքով՝ 2019 թվականի համեմատ տնտեսական աճի տեմպը բարելավվել է 3,1 տոկոսով։ Ավելին՝ այստեղ:
Փետրվարի 15-ից Մառնեուլիի շրջանում մեկնարկել է գյուղերի աջակցության ծրագրի իրականացումը։ Այս մասին տեղեկնում ենք Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2022 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի (մոտ 413 422 դոլար)։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 000 է լարի է (մոտ 3 333 դոլար), իսկ առավելագույնը՝ 20 000 լարի (մոտ 6 666 դոլար)։ Հանդիպումների ժամանակացույցը՝ այստեղ:
Նինոծմինդայի շրջանում ևս սկսվել են հանդիպումներ գյուղի աջակցության ծրագրի նախագծերի ընտրության համար: Ըստ տեղեկության՝ հանդիպումներին մասնակցել են փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ավագանու փոխնախագահ Վաղինակ Արզումանյանը, պատգամավոր Ոսկան Էլոյանը, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և իրավաբանական ծառայության պետերը և այլոք։
Փետրվարի 17-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,74 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0008 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 0,48 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4113 լարի։