Փետրվարի 15-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 480 841-ի: Մեկ օրում արձանագրվել է 19 049 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 409 պացիենտ:
Ըստ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի՝ Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածվածությունը համեմատաբար նահանջել է, կորոնավիրուսով վարակման դեպքերը ևս նվազել են։
Գաբունիայի խոսքով՝ տարեցների, չպատվաստվածների և ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի բարդացման վտանգ կա։ Փոխնախարարի խոսքով՝ «օմիկրոն» շտամն ակտիվ շրջանառության մեջ է հունվարից։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութը լիովին պաշտպանում է։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի` կորոնավիրուսի դեմ պատվաստումների թարմացված վիճակագրության համաձայն՝ փետրվարի 15-ի դրությամբ Վրաստանում ընդhանուր առմամբ իրականացվել է 2 779 761 պատվաստում։
Կենտրոնի հրապարակած տվյալներով՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 343 934 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 234 959 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,0%-ը։ Հատկանշական է, որ 198 305 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։ Ավելին՝ այստեղ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում նույնպես պատվաստումները շարունակվում են՝ իմունականխարգելման մասսայականացման և Covid-19-ի դեմ պատվաստանյութով բնակչության դիմադրողականությունը մեծացնելու նպատակով։
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է 2022 թվականի հունվարի դրամական փոխանցումների վիճակագրությունը։ Զեկույցի համաձայն՝ հունվարին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 168,8 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Տրանսֆերտների փոխանցման ծավալով առաջատար 10 երկրներին ծանոթացեք՝ այստեղ:
Վրաստանում նպաստ ստացողների թվի ռեկորդային աճ է գրանցել: Հունվար ամսին սոցիալական օգնություն է ստացել 648 176 մարդ կամ երկրի բնակչության 17,4%-ը:
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում երեկ՝ փետրվարի 15-ին քննարկվում էր չորս պատգամավորների՝ Կախա Կուճավայի, Էլենե Խոշտարիայի, Շալվա Նաթելաշվիլիի և Բադրի Ջափարիձեի խորհրդարանական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում գրել էր, որ համաձայն չէ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների լիազորությունների դադարեցման որոշման հետ։
«Այսօր ներքին և արտաքին մարտահրավերների պատճառով ես համաձայն չեմ դադարեցնել պատգամավորների լիազորությունները»,- գրել էր Զուրաբիշվիլին։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երեկ հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի քաղաքականության հետևանքով տարածաշրջանում անվտանգության պահպանման և Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման դեպքերը։
Վրաստանում շարունակվում են Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 30-37 կմ հատվածի վերականգնման աշխատանքները։ Նշվում է, որ այս պահին իրականացվում է ճանապարհի ամրացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Վրաստանի Մառնեուլիի շրջանի աղետների և հրդեհի վնասների հաշվառման աշխատանքային խմբի անդամները ստուգել են փետրվարի 13-ի երկրաշարժից տուժած Մառնեուլիի շրջանի շինությունները։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս պահին Մառնեուլիի շրջանի ողջ տարածքում գրանցվել է աղետից տուժած 11 գյուղի 34 շենք և շինություն։
Քվեմո Քարթլիի գուբերնատոր Գիորգի Դոխթուրաշվիլին էլ աշխատանքային հանդիպում է անցկացրել Դմանիսիի շրջանում երկրաշարժից տուժած ընտանիքների վիճակը հետաքննող հանձնաժողովի անդամների հետ։ Հատկանշական է, որ փետրվարի 13-ին երկրաշարժը վնասել է Դմանիսիի շրջանի մոտ 20 բնակելի տուն և Դմանիսիի շրջանի Գանտիադիի հանրային դպրոցի շենքը։
«Ալիք Մեդիան» հավաքել է սեյսմոլոգների խորհուրդները, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ: Կարդալ այստեղ:
Երեկ՝ Դիղոմիի բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել միջին տարիքի տղամարդ։ Փոխանցված տեղեկության համաձայն` այժմ նա գտնվում է Խեչինաշվիլիի անվան այրվածքաբանական կենտրոնում։ Պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել է գազի արտահոսքի պատճառով։
Թբիլիսիում կառուցվող շենքից երկու բանվոր է ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Լյուբլյանայի փողոցի վրա։ Տուժածներից մեկը տեղափոխվել է վիրաբուժության ազգային կենտրոն, մյուսը՝ Ղուդուշաուրիի կլինիկա։
Ավելի ուշ վիրաբուժության ազգային կենտրոնից հայտնել էին, որ 45-ամյա տղամարդը մինչ կլինիկա ընդունվելը սրտի կաթված է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել։
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ գիշերային ակումբները գործունեությունը կվերսկեն մարտի 5-6-ից, ակումբներում հյուրերի թիվը պետք է լինի առավելագույն թվի 60 տոկոսը:
Փետրվարի 15-ի առուվաճառքը Bloomberg ֆինանսական համակարգում սկսվել է լարիի արժեզրկմամբ, փոխարժեքը կազմում է 3,0025, ինչը 0,025-ով բարձր է առուվաճառքի բացման փոխարժեքից։ Հունվարի վերջից փետրվարի առաջին կեսը լարիի փոխարժեքն ամրապնդվել է 4,5%-ով, սակայն մի քանի օր անց փոխարժեքը կրկին սկսել է արժեզրկվել։