Երեկվա օրը համառոտ. փետրվարի 14

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի խոսքով, Վրաստանի հետ ընթացող աշխատանքային միջավայրը լավագույնը չէ վերջին ամիսների համեմատ. ավելի վատ է, քան երկու-երեք ամիս առաջ։

Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

«Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը ոչ մի կասկած չի թողնում, որ Վրաստանի գործող իշխանությունը լեգիտիմություն չունի»,- X-ի իր էջում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Եվրոպական խորհրդարանի բանաձևը ներառում է «Վրացական երազանք»-ի հետ կապված էլիտայի ցանկը, ում նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- «Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման մասին» Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին X-ում արձագանքել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսմեն Ջո Ուիլսոնը։

Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը, որին խորհրդարանը վստահել է Վրաստանի բնակչության կենսաթոշակների կուտակումը, 2025 թվականին Facebook-ի գովազդի վրա կծախսի 30 հազար լարի։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանին սահմանակից Էրգնեթի գյուղում ընթացել է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում գործող աշխատանքային խմբերի 123-րդ հանդիպումը։

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։

Փետրվարի 16-ին քաղհասարակությունը բողոքի երթեր կանցկացնի Թբիլիսիում և Վրաստանի մյուս խոշոր քաղաքներում։

Վրացի մի խումբ գրողներ համերաշխություն են հայտնում Մզիա Ամաղլոբելիին, Աֆգան Սադիգովին և մասնագիտական գործունեության համար ձերբակալված գործիչներին։ Նրանք նաև հայտարարել են, որ կմիանան նախատեսված երթերին։

Թբիլիսիի մետրոյի ամենամարդաշատ կայարաններից մեկի՝ «Վարկեթիլի»-ի վերականգնման գործընթացը դադարեցվել է։ Սամխարաուլիի բյուրոյի եզրակացության համաձայն՝ նորացված նախագիծը, ըստ որի՝ պետք է իրականացվեին վերականգնողական աշխատանքներ, թերի է։

Վրաստանի Կասպի քաղաքի մունիցիպալիտետում 37-ամյա տղամարդը սպանել է իր տատիկին։

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ մարդու։

«Վրացական երազանք»-ի սոցիալական նախագծի՝ «Երազանքի քաղաք»-ի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված փետրվարի 8-ին միջոցառում է կայացել, որին մասնակցել են «Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։