Փետրվարի 11-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 418 027-ի: Մեկ օրում արձանագրվել է 19 968 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 178 151։
Փետրվարի 11-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 64 187 թեստավորում, այդ թվում՝ 39 833-ը հակագեն, 34 354-ը PCR թեստով։ Երկրում հայտնաբերված վարակի 19 968 նոր դեպքից 9 493-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում՝ կարդալ այստեղ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։ Գամկղրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կենսաթոշակ և սոցիալական փաթեթներ ստացողների ընդհանուր թիվը կազմել է 971 648։
Ըստ Geostat-ի, նրանցից 793 751-ը եղել են կենսաթոշակ ստացողներ, որոնց թվում 71,5%-ը կանայք են, իսկ 28,5%-ը՝ տղամարդիկ։ Վրաստանի մասշտաբով սոցիալական օգնություն ստացողների ընդհանուր թիվը կազմում է 177 897, որից 34,7%-ը կանայք են, իսկ 65,3%-ը՝ տղամարդիկ։
Վրաստանի զբաղվածության գործակալության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի 18 քաղաքացի սեզոնային, ժամանակավոր աշխատանքի է մեկնել Գերմանիա։ Ծրագրի մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 14-ից մինչև դեկտեմբեր, Գերմանիայում աշխատանքի է տեղավորվել 308 Վրաստանի քաղաքացի։
GDB ընկերության կողմից Վրաստանի Լագոդեխիում աճեցված հազարաթերթիկը (մառոլը) մատակարարվում են Ռուսաստանի McDonald’s-ների ցանցերին։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իվա Ճկղոնիան։ Ճկղոնիայի խոսքով՝ առաջին փորձնական բերքը, որը կազմել է 40 տոննա, ստացել են 2021 թվականի նոյեմբերին, իսկ դեկտեմբերին արտադրանքի 85 տոկոսը արտահանել են։
Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները մտահոգված են Կախեթիի Ալավերդու միջնադարյան տաճարի մոտ հյուրանոցի կառուցմամբ։ Նրանք նամակ են ուղարկել Վրաստանի մշակույթի նախարարություն՝ պահանջելով հրապարակել նախագծի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
Ըստ Վրաստանի հետաքննող լրագրողների iFact.ge միության՝ Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալությունը Քութայիսիի ոստիկանության հետ պայմանագիր է կնքել՝ հսկելու Գելաթիի դարպասը։ Գործակալությունը 6 տեսուչներին ամսական 6 100 լարի (2 075 դոլար) կվճարի։ Դարպասի մոտ տեղադրվել է նաև անվտանգության ահազանգ և չորս տեսախցիկ։ Ահազանգի համար ծախսվել է 518 լարի (176 լարի)։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԻԿՕՄՕՍ-ը դրական են գնահատել 2021 թվականին արևմտյան Վրաստանի Գելաթիի տաճարի (XII դար) վերականգնման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։ Չորս իտալացի փորձագետներ ուսումնասիրել են Գելաթիի վանական համալիրի խնդիրները, նմուշներ վերցրել և հետազոտել դրանք։ Ծուլուկիանիի խոսքով ICOMOS-ը նրանցից պահանջել է վերականգնել եկեղեցու որմնանկարները։
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, որն այս տարի նշվում է փետրվարի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն էր տարածել: Մանրամասները՝ այստեղ:
Փետրվարի 11-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուց երթով շարժվել են դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ: Ավանդույթի համաձայն, մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը շարժվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ բաժանվեցին տոնի խորհրդանիշ աղաբլիթները:
Ըստ Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության՝ Սվանեթիում՝ Թեթնուլդի հանգստավայրում, ընթանում է Freeride համաշխարհային լեռնադահուկային մրցույթը, որին մասնակցում են մինչև 120 մարզիկներ Վրաստանից և աշխարհի 20 երկրներից։
Կախեթիում վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից արձակած մի քանի կրակոցով սպանվել են մինչև 50 տարեկան ամուսիններ։ Սպանությունը տեղի է ունեցել անչափահասի աչքի առաջ։ Ըստ տեղեկության՝ հանցագործը ամուսինների սպանությունից հետո տանը գումար է փնտրել։
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Economist-ի ժողովրդավարության ինդեքսում Վրաստանի տվյալների վատթարացմանը։ Ըստ Կրամոնի՝ հիասթափեցնող է տեսնել, որ Վրաստանը շարունակում է հետ մնալ ժողովրդավարության ճանապարհին։
«Մոլդովան, նույնիսկ Ուկրաինան ու Հայաստանը ավելի լավ դիրքում են։ Վրաստանը նախկինում օրինակելի էր տարածաշրջանում, սակայն այժմ հետևում է ավտորիտար հարևաններին, ինչպիսիք են Ադրբեջանը և Լուկաշենկոյի Բելառուսը»,- Twitter-ում գրել է Կրամոն։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ի սկզբանե պաշտպանել է Սալոմե Զուրաբիշվիլիի ազգային համաձայնության նախաձեռնությունը և մինչ օրս հավանում է ընդհանուր գաղափարը, բայց մտածում է երկու զուգադիպության մասին:
Փետրվարի 11-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,38 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 2,9506 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանման գործակալության տվյալներով՝ Վրաստանում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +12, +17։ Գործակալության տվյալներով՝ Վրաստանում փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն։