Փետրվարի 1-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 200 124-ի: Մեկ օրում արձանագրվել է 24 201 նոր դեպք, որը հերթական հակառեկորդն էր: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 28.41%:
Երեկ կայացած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարեց, որ երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են:
Համակարգող խորհրդի նիստից հետո Ամիրան Գամկղրելիձեն նաև հայտնեց, որ Վրաստանում բնակչության ավելի քան 80 տոկոսն ունի իմունիտետ։
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան էլ հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդությունից պատվաստումը թեև որոշ չափով պաշտպանում է, սակայն վարակից պաշտպանվելու լավագույն միջոցն ամենօրյա PCR կամ արագ թեստով թեստավորումն է, ինչը գործնականում անհնար է:
Փետրվարի 1-ին կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել, ըստ որի՝ Վրաստանում չեղարկվել է «կանաչ անձնագիր» ունենալու պարտավորությունը։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի հաղորդմամբ՝ որոշումը պայմանավորված է նաև «օմիկրոնի» արագ տարածման և վիրուսի թույլ ընթացքի, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայով։
Վարակաբան, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տներին Թենգիզ Ցերցվաձեն էլ վստահեցրեց, թե Վրաստանը կլինի առաջին երկրներից, որը կգնի կորոնավիրուսը բուժող դեղահաբեր: Այն անվճար կլինի բնակչության համար:
Երեկ կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան նաև հայտարարել է, որ Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը չի դադարեցվի։ Ինչպես նշել է Գաբունիան՝ դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հիբրիդային ձևով։
Փետրվարի 1-ին՝ Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) hրապարակել է ազգային ուսումնական օլիմպիադայի արդյունքները։
2021-2022 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը հավաքել է համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50%-ը և հայտնվել համապատասխան դասարանի և առարկայական վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։
Վրաստանի մշակույթի նախարարությունը շնորհավորել է Արմեն Բայանդուրյանին՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու կապակցությամբ։
Երեկ Սարփիի և Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետերում խուզարկման ընթացքում աշխատակիցները Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ Է․ Հ․-ի և Զ․Շ․-ի մոտ հայտնաբերել են չհայտարարագրված գումար։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ընդհանուր չհայտարարագրված գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 252 հազար լարի (82 հազար դոլար)։
Վրաստանի պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացանք, որ մարտին Վրաստանում երրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություն՝ NATO-GEO EX 2022-ը: Զորավարժությունները պլանավորումից մինչև իրականացման փուլը կղեկավարի վրացական կողմը, կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները։
Տեղեկության համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներն ու վրացական կողմն ամփոփել են վերջնական մանրամասները` ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC)` երեք օր տևած ամփոփիչ համաժողովում։
Փետրվարի 1-ին՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարարությունը հայտարաություն տարածեց, որ Մոսկվայում աբխազական և ռուսական կողմերի միջև աշխատանքային հանդիպում է կայացել «Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման ծրագրի» իրականացման շուրջ։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ներդրումների, հարկային, կրթության, մաքսային և առողջապահության ոլորտներում օրենսդրական կարգավորման հարցեր։
Փետրվարի 1-ին Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների անվտանգության կոմիտեն տեղեկություն է տարածել Ցխինվալիից Վրաստանի քաղաքացիների արտաքսման մասին։
Դե ֆակտո պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները դե ֆակտո հանրապետությունից արտաքսվել են Սահմանային օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, և սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանի քաղաքացիները արտաքսվում են Ցխինվալիից՝ մուտքի և կեցության կանոնները խախտելու համար։
Երեկ Վրաստանի խորհրդարանը 74 ձայնով միաձայն ընդունել է Ուկրաինային սատարող բանաձևը։ Ընդդիմության մի մասը դեմ էր փաստաթղթի այս կերպ ընդունմանը, ուստի չի մասնակցել քվեարկությանը։
Փետրվարի 1-ին կայացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում որոշումներ են ընդունվել լրացուցիչ ընտրություններ նշանակելու մասին, որոնք կացնկացվեն ապրիլի 2-ին: Ըստ այդմ` 2022 թվականի ապրիլի 2-ին Ռուսթավիում կընտրեն Վրաստանի խորհրդարանի մեծամասնական թեկնածուին, իսկ Բաթումիում՝ քաղաքային խորհրդի մեծամասնական թեկնածուին։ Միջանկյալ ընտրությունների համար Ռուսթավիում և Գարդաբանիում կբացվեն 117 ընտրատեղամասեր, իսկ Բաթումիում՝ 14։