Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 6

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները համակարծիք են՝ ԱՄՆ նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը չի կանգնի «Վրացական երազանքի» ավտորիտար ռեժիմի կողքին. իշխող թիմի խնդիրներն էլ ավելի են խորանալու:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա։

Վրաստանյան ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական պաշտոնական արդյունքներով չի հաղթահարել 5 տոկոսի շեմը, պատրաստվում է ցույց անցկացնել։

Գորիի շրջանային դատարանը չի բավարարել «Իմ ձայնը» դիտորդական առաքելության հայցը՝ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում (Ցխինվալի) ապօրինի ձերբակալված Խաջարաթ Ախվլեդիանին և Գիորգի Ռոմելաշվիլին ազատ են արձակվել, գտնվում են Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական զինուժի կողմից սպանված Թամազ Գինտուրիի սպանությունից 1 տարի է անցել: Վրաստանի 58-ամյա քաղաքացի Թամազ Գինտուրին սպանվել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին՝ Կիրբալի գյուղի մոտ գտնվող Լոմիսայի սրբավայրում մոմ վառելիս, նրա հետ սրբավայր այցելած Լևան Դոթիաշվիլին առևանգվել էր։