Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 5

Քաղաքական առաջնորդների որոշմամբ՝ նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ին, Թբիլիսիի վերաքննիչ դատարանում տեղի կունենա հերթական ակցիան։ Ժամը 12:00-ից նշանակված է ընտրական վեճերի գործով դատավարությունը։

Թբիլիսիում Վերաքննիչ դատարանի շենքի մոտ մի քանի ավտոբուսներով և միկրոավտոբուսներով մոբիլիզացված էին ոստիկանական ուժեր։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները պահանջում են ԿԸՀ նիստ անցկացնել, որում կքննարկեն ընտրությունների կրկին անցկացման հարցը։

Վրաստանի Օզուրգեթիի մունիցիպալիտետում «Քաղաքացիական շարժում ազատության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Ռուսական երազանքը գողացել է ընտրությունները» մակագրությամբ բողոքի պաստառ փակցնելու համար տուգանվել է 1500 լարիի չափով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում գրել է, որ իրեն Գլխավոր դատախազությունից կանչել են հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վերաքննիչ դատարանում կբողոքարկի Թեթրիծկղարոյի և Գորիի շրջանային դատարանների որոշումները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքների չեղարկմանը։