Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 29

Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի մոտ բողոքի լայնածավալ ակցիա էր: Խորհրդարանի հարակից Ապրիլի 9-ի փողոցում իրավապահները հանրահավաքի մասնակիցներին բերման են ենթարկել, Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում բողոքող խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենա կիրառել:

Այսօր կարող եմ ասել, որ դիմադրության շարժումը սկսվել է, տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վաշինգտոնը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խստորեն կոչ է անում վերանայել իր գործողությունները:

Եվրամիության արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում՝ դեկտեմբերի 16-ին, 27 անդամ երկրները կքննարկեն Վրաստանի հարցը, հայտարարել է Վրաստնում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին: Հերչինսկին լրագրողներին իր շփոթմունքն է հայտնել նոյեմբերի 28-ին իշխանության կողմից արված հայտարարության վերաբերյալ:

Խաղաղ ցույց անցկացնելիս վրաց ժողովուրդը հանդիպեց միայն բռնության և բռնաճնշումների. հրաժարվում է դառնալ ռուսական գաղութ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) 105 աշխատակից համաձայն չեն Վրաստանի կառավարության՝ Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման հետ։ ԱԳՆ-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ «Վրացական երազանքի» որոշումը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։

Վրաստանի արտգործնախարարության աշխատակիցներից հետո պաշտպանության նախարարության (ՊՆ) աշխատակիցները համատեղ հայտարարությամբ արտահայտել են Վրաստանի արևմտյան կուրսը պաշտպանելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցները համատեղ հայտարարությամբ են արձագանքել «Վրացական երազանքի»՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու գործընթացը կասեցնելու որոշմանը։

Արդարադատության նախարարության պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության աշխատողները համատեղ հայտարարություն են տարածել և կարծում են, որ մինչև 2028 թվականը Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները քաղաքական օրակարգից հանելը զգալի վնաս կհասցնի երկրի շահերին։

Թբիլիսիի Իլիայի պետական ​​համալսարանի գիտական ​​խորհուրդը հակիրճ հայտարարությամբ արձագանքել է Վրաստանի իշխանությունների՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշմանը։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) կոչ է անում ՆԳՆ-ին հրապարակել ակցիան ցրելիս կիրառած միջոցները, որպեսզի բուժանձնակազմը հնարավորություն ունենա օպերատիվ արձագանքել տուժածների վիճակին: