Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 13

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որ Բաքվում մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է՝ հավանաբար, հունվարին, Վրաստանը նոր նախագահ կընտրի:

Եվրախորհրդարանում նոյեմբերի 13-ին բանավեճ է անցկացվել Վրաստանում կայացած վիճահարույց խորհրդարանական ընտրությունների և դրան Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում քննարկվում են «Նախարարների կաբինետի» վերացումը նախատեսող «Սահմանադրական օրենքի» փոփոխությունները, որին կհաջորդի «վարչապետի և փոխվարչապետի» պաշտոնների վերացումը։

Varieties of Democracy (V-Dem) ինստիտուտը 2024 թվականի Ժողովրդավարության զեկույցում ասում է՝ վրաստանյան առկա զարգացումները հնարավոր է Վրաստանը վերածեն ավտոկրատ երկրի։

«Վերադարձնենք մեր քվեն». նոյեմբերի 13-ին այս կոչով կանանց բողոքի ցույց է անցկացվել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:

Թբիլիսիի Սպորտի պալատը կվերականգնվի։ Քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ աշխատանքները կսկսվեն մոտ օրերս։

Վրաստանյան անկախ իրավաբանական Court Watch հասարակական կազմակերպության ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերին առաջին և երկրորդ ատյանի դատավորները կես միլիոն լարին գերազանցող հավելավճարներ կստանան։

Վրաստանից չվերահսկվող Սոխումիում ձերբակալված հինգ ընդդիմադիրները՝ Ասլան Գվարամիան, Օմար Սմիրին, Ռամազ Ջոպուան, Գարի Կոկաիան և Ալմասխան Արձինբան, ազատ են արձակվել:

«Առանց քեզ չի ստացվի». այս խորագրով ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խումբը նոյեմբերի 15-ին Թբիլիսիի Հանրապետության հրապարակից երթ կանցկացնի:

Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Ծնելիսի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր քննարկել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, «Միացյալ ազգային շարժում» կոալիցիայի և «Ուժեղ Վրաստանի» հայցերը՝ կապված խորհրդարանական ընտրությունների գաղտնիության, ինչպես նաև այլ խախտումների հետ։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Վրաստանի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոճորիշվիլին՝ Մոլդովայի նախագահական «ընտրախախտումները» հետաքննելու մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ կապված։