Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ «որոշ տեղեկություններ են հայտնվել կորոնավիրուսային նոր մուտացիաների մասին, որոնք կորոնավիրուսի Omicron շտամի ենթատեսակներ են, և ավելի վարակիչ են, քան Omicron-ը»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում է: Ղարիբաշվիլին «Ուկրաինայի համար» բարձր մակարդակի դոնորների միջազգային համաժողովի բարեգործական նիստում իր ելույթի ժամանակ ասել է, որ «Վրաստանը մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսները՝ մեղմելու Ուկրաինայում ընթացող ավերիչ պատերազմի հետևանքները», ավելին՝ այստեղ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գերմանական հայտնի Deutsche Welle լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցությունն է։
Զուրաբիշվիլին խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողի մասին` նշել է, որ ուկրաինացիները երբեմն շատ ավելին են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պաշտպանության նախարար Վլադիմիր Փուխաևը, ով պաշտոնական «աշխատանքային այցով» գտնվում է Դոնեցկում, ռուսական պետական TASS գործակալությանն ասել է, որ Ուկրաինայում ռուսական կողմից կռվող օս կամավորներին պետք է կարգավիճակ շնորհվի։
Ի դեպ, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սանձազերծելուց ի վեր մինչ օրս պատերազմում զոհվել է Ցխինվալիի շրջանի 7 բնակիչ:
Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Գիորգի Սաակաշվիլին, ասել է, որ երրորդ նախագահի ընտանիքը և նրանց կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցերը։ Մայիսի 5-ին կառավարության մոտ տեղի ունեցած ցույցի ավարտին Գիորգի Սահակաշվիլին հայտարարել է, որ մայիսի 6-ին Բաթումիում հանրահավաք է տեղի ունենալու և այն շարունակվելու է այլ քաղաքներում:
Սաակաշվիլիի կողմնակից ցուցարարները մի քանի պահանջներ են ներկայացրել՝ այդ թվում՝ նախկին նախագահին արտասահմանյան բուժհաստատություն տեղափոխելը, քանի որ կարծում են, որ Վրաստանում նրան պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում։ Բացի այդ, երկրի նախագահից ցուցարարները պահանջում են ներում շնորհել Սաակաշվիլիին և ամեն բանով օգնել նրան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանն ու Մոլդովան ԱՄՆ-ի կարևոր գործընկերներն են, և որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել այս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ժամանակն է, որ Վրաստանի քաղաքական առաջնորդները միավորվեն և գործեն Վրաստանի ապագայի համար։
Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընդունած նոր կանոնակարգի համաձայն՝ դպրոցների աշակերտները կկարողանան էքսկուրսիա գնալ միայն 1 օրով՝ առանց գիշերակացի, իսկ էքսկուրսիայի վայրը պետք է լինի դպրոցի տարածքից առավելագույնը 150 կմ հեռավորության վրա։
Վրաստանի դպրոցներում ազգային ուսումնական պլանի համաձայն՝ պարտադիր է ուսումնասիրել 2 օտար լեզու, առաջինն անգլերենն է, որը աշակերտներն անցնում են առաջին դասարանից, իսկ երկրորդն ընտրում են ծնողները՝ 5-րդ դասարանում, ավելին՝ այստեղ:
Վրաստանի կենսաթոշակառուները և սոցիալապես անապահով ընտանիքներն ընդհանուր առմամբ 341,7 մլն լարիի (մոտ 114 մլն դոլար) «կենսաթոշակային վարկեր» (սոցիալական աջակցությամբ և կենսաթոշակներով տրամադրվող վարկերն են) են վերցրել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) աշխատակազմն աստիճանաբար տեղափոխվում է շենքից:
Եվ վերջում՝ մայիսի 5-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,14 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0398 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2,16 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2198 լարի։