Երեկվա օրը համառոտ. մայիսի 20

Վրաստանում երիտասարդները խորհրդարանի դիմաց հերթական բողոքի ցույցն են անցկացրել «գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանի մոտ էին նաև «ռուսական օրենքի» դեմ բողոքող 12-րդ դասարանցիները։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, թե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «գործակալների մասին օրենքի» վրա «կոպտորեն» վետո դնելով, վերացրել է այդ հարցի քննարկման հնարավորությունները։

Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի, արտաքին գործերի (ԱԳ) նախարարի և կառավարության մյուս անդամների մահվան կապակցությամբ:

ԱՄՆ Կոնգրեսին կներկայացվի օրինագիծ, որը կսառեցնի ակտիվները և վիզային արգելք կսահմանի վրացի պետական ​​այն պաշտոնյաների համար, որոնք պաշտպանել են ռուսական ոճի «օտարերկրյա գործակալների» օրենքը:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական ցանցում գրել է, որ Վրաստանը դեռ ժամանակ ունի կասեցնելու «ռուսական օրենքը» և փրկելու վրացական ինքնիշխանությունը։

Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը չաջակցեց «օֆշորների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտիվացված դիտարկումները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել է 2024 թվականի մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած «ռուսական օրենքի» վրա դրված վետոյի դրդապատճառները:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լրացուցիչ փոփոխություններ է կատարում ընտրական օրենսգրքում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Վրաստանի Անկախության օրը՝ մայիսի 26-ին, հրավիրել է Վրաստան։ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել օգնել, որ Կովկասն ազատվի ռուսական ազդեցությունից։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային թռիչքների թիվը հետզհետե ավելանում է, չնայած երկրում ընթացող հակառուսական բողոքի ցույցերին։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը Երևանում է:

Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է Թբիլիսիից և Քութայիսիից ավիատոմսերը դեպի Գերմանիայի այն քաղաքներ, որտեղ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությամբ ընթանալու է Եվրոպայի առաջնությունը։

Մայիսի 20-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։