Երեկվա օրը համառոտ. մայիսի 2

Վրաստանի խորհրդարանի մոտ և Հերոսների հրապարակում վերսկսվել է «գործակալների օրենքի» դեմ ցույցը։ Ավելի ուշ խորհրդարանի մոտի ցուցարարները տեղափոխվել են  Հերոսների հրապարակ, որտեղ ցուցարարների քանակի պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը: Ոստիկանները ցուցարաներից ոմանց բերման են ենթարկել:

«Գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի կազմակերպիչները Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, դիմելով մասնակիցներին, հայտարարել են, որ մայիսի 11-ին մեծ ցույց են կազմակերպելու:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով։

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների մասին օրենքն» ընդունելու ջանքին։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կարծիքով, խաղաղ բողոքի ցույցի իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Դեսպանությունից հայտնել են, որ ուշադիր հետևում են Թբիլիսում ընթացող իրադարձություններին։

Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարարությունը արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգություն հայտնել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ։

ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը նաև հայտնի է որպես «Հելսինկյան հանձնաժողով», հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես աջակցելու է վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարության մեջ դատապարտել է «գործակալների մասին» օրենքը, դատապարտել է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշել, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման կապակցությամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրել են «վերապահումներով», ինչը «չի համապատասխանում գործընկերության ոգուն»։

Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչները բոյկոտել են այն գործարարներին և նրանց վրա հիմնված բոլոր ընկերություններին, որոնք պաշտպանել են «գործակալների մասին օրենքը»:

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը շարունակում է փակել Վրաստանի տարբեր կառույցների կայքերը: Անհասանելի է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքէջը, «Վրացական երազանքի» և POSTV հեռուստաընկերության կայքերը։

Վրաստանի Youtube-յան բլոգերները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «գործակալների մասին օրենքի» դեմ։

Լեզվակռիվ է տեղի ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և Formula հեռուստաընկերության լրագրողի միջև։