Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Դերեկ Սքոլի հետ։
Սքոլը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, ինչպես նաև Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նրան հյուրընկալել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն՝ առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է լինելու, ավելին՝ այստեղ:
Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկել է մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման «Ուսումնառություն և աշխատանք» ծրագրին մասնակցելու գրանցումը։
Թբիլիսիի մանկապարտեզներում 2022-2023 թվականների երեխաների էլեկտրոնային երկփուլ գրանցման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 3-ին, երկրորդը՝ հունիսի 10-ին։
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել դեպի Վրաստան ուղիղ չվերթների վերականգնման ուղղությամբ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
IDS BORJOMI International ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու պաշտոնական առաջարկի մասին։
Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար այս տարի Ներքին գործերի նախարարությունը կտրամադրի 244 121 լարի (մոտ 82 752 դոլար)։
Վրաստանում ձերբակալվել է Ադիգենի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրային դպրոցի հաշվապահը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր գումարներ յուրացնելու համար։
TBC Capital-ը հրապարակել է բնակելի անշարժ գույքի նորացված ուսումնասիրությունը: Զեկույցի համաձայն՝ Թբիլիսիում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի վաճառքի միջին գինն աճել է 10,7 տոկոսով և հասել 899 դոլարի։ Մանրամասն՝ այստեղ:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Թուրքիայից ներկրված դեղամիջոցների արդյունքում քաղաքացիները տնտեսել են մինչև 43 մլն լարի։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևի ակցիան, որի ժամանակ ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել նաև ընդդիմադիր «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության առնչությամբ։
Եվ վերջում՝ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը առքուվաճառքի արդյունքում դարձել է 2,9262 լարի։ Այսօրվա փոխարժեքը 2,94424 լարի էր։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0789 լարի։