Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ այս փուլում բուժհաստատություններում կամ հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորության վերացման հարցը չի քննարկվում, քանի որ այդ տարածքներում վիրուսի տարածման վտանգը դեռ բարձր է:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի քաղաքացիների՝ Վրաստանի սահմանը ավտոմեքենայով հատելու արգելքը: Մանրամասն՝ այստեղ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Ըստ կառավարության վարչակազմի, հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները, ինչը հանդիսանում է երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ։ Հանդիպմանը վարչապետը խոսել է ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի հայտի ներկայացման կարևորության, հարցաթերթի լրացման գործընթացի և ապագա միջոցառումների մասին։
Մայիսի 18-ին մեկնարկել է ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Սքոլի երկօրյա այցը Թբիլիսի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հաստատապես աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ լինի դա Վրաստանում, թե աշխարհի ցանկացած այլ վայրում:
Վրաստանում գործող 35 հասարակական կազմակերպություն (ՀԿ) աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։
Մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Թբիլիսիում ԶԼՄ-ների համերաշխության երթ է անցկացվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադառնալով հուլիսի 17-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայիում Ռուսաստանին միանալու մասին հայտարարված հանրաքվեին, ասել է, թե Ռուսաստանին միանալու հանրաքվեն արտացոլում է Հարավային Օսիայի ժողովրդի և նրա գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի վերաբերմունքը, սակայն Մոսկվան այս պահին այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում:
Ռուսաստանի միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգի (ЕМИСС) տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 38 հազար 281 քաղաքացի (առանց Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի), ինչը գրեթե 5 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից, ավելին՝ այստեղ:
Վրաստանի արտաքին պարտքն ապրիլին կրճատվել է 1,1 մլրդ լարիով։
Վրաստանում և հարևան երկրներում գները շարունակում են արագ աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը (Geostat) հրապարակել է 2021 թվականի գործազրկության վիճակագրությունը, ըստ որի՝ համավարակի պատճառով ստեղծված խնդիրներով պայմանավորված գործազրկության մակարդակը 18,5 տոկոսից հասել է 20,6 տոկոսի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հանգստի գոտիներում ծառերի ու բույսերի ապօրինի հատման և վնասման դեպքում նախատեսվում է խստացնել օրենսդրությունը, ավելին՝ այստեղ:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ առուվաճառքի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,9442 լարի։ Եվրոյի փոխարժեքը կազմում է 3,0973 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում մայիսի 19-ից 21-ը օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում։