Երեկվա օրը համառոտ. մայիսի 14

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»: Օրենքի ընդունումից հետո խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների բողոքի ալիքն ահագնացավ, ուժայինները բիրտ ուժ էին կիրառում: Ցուցարարները ամբողջ օրը փակ պահեցին Ռուսթավելիի պողոտան, ավելի ուշ՝ կաթվածահար էին Թբիլիսիի կենտրոնական փողոցները: 13 ցուցարար է բերման ենթարկվել:

Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին օրենքի» դեմ վրաստանյան սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում:

Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարներին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է  ընդունած «ռուսական օրենքին»՝ ընդգծելով, որ Եվրոպական ազատության միությունը կառուցված է օրենքի գերակայության վրա:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը կոչ է անում Վրաստանի իշխանություններին շարունակել եվրաինտեգրման ճանապարհը։

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասը նշել է, որ չնայած վրաց ժողովրդի ցանկությանը, Վրաստանի կառավարությունը երկիրը հեռացնում է եվրատլանտյան կուրսից, այն կուրսից, որը ցանկանում է վրաց ժողովուրդը։

«Կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսն ասել է, որ Վրաստանում ընթացող գործընթացներում Ռուսաստանի միջամտություն է տեսնում:

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մտահոգություն է հայտնում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման առիթով։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) և «Լելո» կուսակցությունները խորհրդարանական բոյկոտ են հայտարարել:

«Ռուսական օրենքին» կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը:

«Վրաստանի ազգային պլատֆորմն» հայտարարել է, որ «ռուսական օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունումը պատ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից հետո ճեպազրույց է անցկացրել:

Թբիլիսիում գտնվող Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ X սոցիալական ցանցում Ռոթը գրել է, որ Վրաստանի կառավարության անդամները չեն հանդիպել իր գլխավորած պատվիրակությանը։