Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել հիբրիդային ձևաչափով (մի մասն առցանց, մի մասը առկա), գիշերել են ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի նիստերի դահլիճում։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ԹՊՀ ղեկավարությանը կոչ է արել հաշվի առնել ուսանողների վիճակը, նրանց համար ուսանողական հանրակացարանում ապահովել կացարան, ավարտել 2021-2022 ուսումնական տարին հիբրիդային ռեժիմով:
ԹՊՀ-ն ուսանողների պահանջով անցել է ուսուցման հիբրիդային (խառը) ձևաչափի։
Վրաստանի քննչական ծառայությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով շարժական գույքի մաքսանենգության համար, ավելին այստեղ:
Վրաստանի տեղեկատվական վստահելիության խթանման ծրագիրը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի (CRRC) հետ համագործակցությամբ, ուկրաինական պատերազմից առաջ սոցհարցում է անցկացրել՝ պարզելով, որ հարցվածների 54 տոկոսը դրական է գնահատել Վրաստանի խորհրդային շրջանը:
Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պայմանագիր է կնքել Mamison Construction ընկերության հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանում է Արդարադատության նախարարության առաջարկը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտության նպատակով բանտից մասնավոր կլինիկա տեղափոխելու հարցում։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին խոսելիս՝ առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիին խնդրել է միջազգային փորձագետներ բերել՝ «բոլոր կասկածները փարատելու համար»։
ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տանելը դրական քայլ կլինի. «Այստեղ հիմնական խնդիրը մարդու առողջությունն է և կարևոր է, որ նա ստանա իրեն անհրաժեշտ բուժումը։ Նրան մասնավոր կլինիկա տանելը դրական քայլ կլինի, դրան կհաջորդի անաչառ գնահատականը, որին բոլորը կվստահեն»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ 2012 թվականին Վրաստանում երկրի բնակչության 30 տոկոսն ապրում էր աղքատության շեմից ցածր, իսկ այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլիի խոսքով՝ ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում վարորդական վկայականները ԵՄ-ում ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
Մայիսի 11-ին Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի դեղատների ցանցերում առկա է Թուրքիայից ներկրված ավելի քան 400 տեսակի դեղամիջոց, որոնց թիվն օրեցօր ավելանում է։
Ուկրաինա մարդասիրական բեռներ ուղարկելը «Վրացական փոստը» կրկին վճարովի է դարձրել՝ 1 կգ բեռի արժեքը սահմանելով 115 լարի (մոտ 39 դոլար)։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալան Գագլոևին՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի նորընտիր դե ֆակտո նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ տրանսպորտային ընկերությունը պիկ ժամերին ուղևորներին ժամանակավորապես թույլատրել է նոր միկրոավտոբուսներում կանգնած տեղաշարժվել:
Վրաստանից ԱՄՆ արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել: Ըստ Geostat-ի՝ այս տարվա առաջին երեք ամսում Վրաստանն ԱՄՆ է արտահանել 83,347 մլն դոլարի արտադրանք, ինչը 52,92 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի հունվար-մարտին ԱՄՆ արտահանվել է 30,427 մլն դոլարի արտադրանք։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարի Վրաստանը ԱՄՆ-ից գնել է 129,779 մլն դոլարի արտադրանք, իսկ անցյալ տարվա հունվար-մարտին՝ 149,579 մլն դոլարի։
Եվ վերջում՝ մայիսի 11-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,60 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0261 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,43 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1934 լարի։