Մարտի 8-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 629 065--ի: Մեկ օրում արձանագրվել է 2 783 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 430:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Ըստ NCDC-ի՝ մարտի 7-ին կատարվել է 1 332 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Մանրամասն՝ այստեղ:
Վրաստանի իմունականխարգելման խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ Վրաստանում համաճարակի վեցերորդ ալիքը նվազման կորի վրա է։ Ըստ Չխաիձեի՝ վարակվածների թիվը երկրում անշեղորեն նվազում է։
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանում դեղերի թուրքական շուկայի բացմանը, խոսվել է նաև դեղերի գնի կարգավորման մեխանիզմների մասին։ Ազարաշվիլին նշել է, որ Թուրքիայից ներկրվող դեղորայքի գները խստորեն կվերահսկվեն։
Վրաստանի առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է Քութայիսիի միջազգային համալսարանի ռեկտորի տեղակալ։ Համալսարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նա կստանձնի բուհի բժշկական նախագծերի մասով աշխատանքները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Մենք ողջունում ենք խորհրդի որոշումը՝ խնդրելով Եվրահանձնաժողովին ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության հայտերը»: Վարչապետը շնորհակալություն էր հայտնել խորհրդին՝ այս կարևոր որոշման համար:
Երեկ Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոսի հետ։ Կառավարության աշխատակազմի մամուլի հաղորդագրության համաձայն՝ խոսակցության հիմնական թեմաներն են եղել Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։ Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է Եվրամիության խորհրդի որոշումը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովը խնդրել է Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ուսումնասիրել ԵՄ-ին անդամակցելու հայտերը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու պահանջով ստորագրահավաք է սկսվել: Ազգային համաձայնության նախաձեռնող խմբի անդամներն են՝ Գիգի Թևզաձեն, Նինո Բազիկոշվիլին, Ավթանդիլ Դեմետրաշվիլին, Սոֆիո Դեմետրաշվիլին, Թենգիզ Թևզաձեն, Գիա Ջանդիերին, Զուրաբ Ջիբղաշվիլին և Նինո Չաչիան։ Ստորագրահավաքի հեղինակները կարծում են, որ հետհամավարակային ճգնաժամի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին անխուսափելիորեն կհամալրեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները, որոնք մոտ ապագայում էական բացասական ազդեցություն կունենան Վրաստանի տնտեսության և բոլոր քաղաքացիների վրա։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման մասին։ Դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ կենտրոնանում են դիվանագիտական ներկայացուցչությունների բացման արագացման վրա։
«Համերաշխություն ուկրաինացի մայրերին ու երեխաներին»․ երեկ «Սոխումի» կանանց հիմնադրամի նախաձեռնությամբ Քութայիսիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ կոչ են արել քաղաքացիական ակտիվիստներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները։ Ցույցին մասնակցել են Աբխազիայից տեղահանվածները՝ ասելով, որ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։
Վրաստանի խորհրդարանի դիմաց մարտի 7-ին կայացած «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցի ժամանակ 9 ցուցարար է ձերբակալվել։ Կալանքի տակ գտնվող ցուցարարների թվում են՝ Գիգա Մակարաշվիլին, Գիորգի Մժավանաձեն, Նոդար Ռուխաձեն, Զուկա Բերձենիշվիլին, Լեքսո Սամխարաձեն, Բաչի Վալիշվիլին, Վալերի Սամխարաձեն և Սանդրո Սիմոնովը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ապատեղեկատվություն է որակել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունները, որի մասին քաղաքացիները գրում են սոցիալական ցանցերում և խոսում են ընդդիմության առաջնորդները։ Մանրամասն՝ այստեղ:
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը հանգեցրել է շուկայում ցորենի գնի բարձրացման։ Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի հիման վրա դեռևս ներմուծում է ռուսական ցորենը, սակայն հարկավոր է գտնել նոր շուկաներ։
Նավթ ներկրողների միության տնօրեն Վանո Մվրալաշվիլիի խոսքով էլ՝ աշխարհում նավթի ու վառելիքի գները «կտրուկ» աճում են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր վառելիքը թանկացել է միջինը մոտ 20-30 թեթրիով, թեև ըստ Մվրավիշվիլիի՝ գները կշարունակեն բարձրանալ, բայց թե որքանով, դժվար է ասել։
Բանակցությունների արդյունքում Արաբական միացյալ էմիրությունների իշխանությունները դրական որոշում են կայացրել վրացական անձնագիր ունեցողներին առանց վիզայի ռեժիմ սահմանել երկիր մուտք գործելու համար։
Ախալքալաքի ավագանու նախագահ Նաիրի Իրիցյանը, նախագահի տեղակալ Էդվարդ Աղասարյանը և անդամները, Ախալքալաքի քաղաքապետարանի սպասարկման կենտրոնի ղեկավարը և բարեկարգման բաժնի ղեկավարը հանդիպել են «Aisi» ՍՊԸ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մենեջերին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և շնորհավորել կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։