
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվելու է Վրաստանի հարցը։
Եվրախորհրդի կոնգրեսը քննադատական բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ։ Բանաձևն անդրադարձել է «Վրաստանում տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության վիճակին». բանաձևին աջակցել է 101 անդամ, իսկ 10-ը դեմ են եղել։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) քաղաքացիական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ) սկսել է վերանայել Վրաստանի «գործակալների օրենք»-ը։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստանի վերաբերյալ նոր հուշագրում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի նախնական կալանքը «չհիմնավորված» է համարում և Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրան։ Եվրահանձնակատարը կոչ է արել չեղարկել «գործակալների» և հակաԼԳԲՏ օրենքները:
Վրաստանյան ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան, որը բոյկոտել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանական հետաքննող հանձնաժողովի նիստերը, քանի որ դրանք համարում է ոչ լեգիտիմ, հայտարարել է, որ նիստին մասնակցելու են կուսակցության նախկին անդամները՝ գեներալներ Զազա Գոգավան և Մամուկա Կղուրաշվիլին։
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոր հրամանագրի համաձայն՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը 10 հազար դոլար կտրամադրի քիչ զարգացած երկրների և փոքր զարգացող կղզիանման երկրների ներկայացուցիչներին։
«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Վիեննայում հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ Ռայզինգերին։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լիտվայից հետո այցելել է Էստոնիա, որտեղ բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ կունենա Էստոնիայի բարձրագույն պաշտոնյաների հետ։
Վրացի նախկին դատավոր Շոթա Գեծաձեն՝ ցմահ դատավոր Լևան Մուրուսիձեի ընկերը, որ 2011 թվականին ճանաչել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու օրինականությունը, 2025 թվականի ապրիլի 1-ից կնշանակվի Շվեյցարիայում դեսպան։ Նա նույն երկրում Վրաստանի բանագնացն է 2023 թվականից։
Թբիլիսիի «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Վերաքննիչ դատարանը չի բավարարել իրենց բողոքը և ուժի մեջ է թողել հիմնադրամի հաշիվների սառեցումը։
ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացման գործակալության (UN Women) հրապարակած տեղեկության համաձայն` Վրաստանում յուրաքանչյուր երկրորդ կին իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության որևէ ձևի։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան կալանքի տակ է թողել բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Անրի Կվարացխելիային։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերը։ Տեսանյութում պատահաբար ներառվել են Թբիլիսիում Ճիճինաձեի փողոցի և խորհրդարանի հետնամուտքի մոտ ընթացած բողոքի ցույցը ցրելու կադրերը:
Վրաստանյան անկախ TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Նատա Քաջաիային 6 ամսով արգելել են աշխատել խորհրդարանում։
Սվանեթիում ձնահյուսի հետևանքով մեկ մարդ է մահացել. ըստ տեղեկության` մահացածը զբոսաշրջիկ է։
Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գծի «Դելիսի» կայարանում ծուխ էր առաջացել, որը վախ և շփոթություն էր հարուցել ուղևորների շրջանում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ի ժամը 22:50-ի սահմաններում: