Երեկվա օրը համառոտ. մարտի 25

«Գալիս է ժողովրդի գարունը». այս խորագրով մարտի 31-ի ժամը 20:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց է նախատեսվում:

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանական քննչական կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ կդիմեն դատախազություն՝ ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Գենդերային հավասարության վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները, որոնք արտացոլում են բնակչության վերաբերմունքը կանանց իրավունքների նկատմամբ, ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը պաշտպանում է հավասարությունը, թեև որոշ հարցերի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը:

Թեև 2024 թվականին Վրաստանում Եվրոպայից և հարևան երկրներից զբոսաշրջիկների թիվը նվազել է, այնուամենայնիվ այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը և եկամուտներն աճել են։ Սա բացատրվում է Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Իրանից և Չինաստանից այցելուների աճով։

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կմիանա նաև Ադրբեջանի էքսկլավին՝ Նախիջևանին:

Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում կառուցվելիք մարզադաշտի (մինի ստադիոն) պայմանագիրը կնքվել է. այդ պայմանագրում, սակայն, անհամապատասխանություններ կան:

Թբիլիսիում նախատեսվում է երեխաներին մանկապարտեզներ ընդունելու նոր մեխանիզմ ներդնել։

Վրաստանն իր պատմության մեջ առաջին անգամ 10 միլիոն եվրոն գերազանցող արժողությամբ 4 ֆուտբոլիստ ունի:

Wizz Air ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Մադրիդ:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, հայտարարել է, թե Ռուսթավելիի պողոտայի վերականգնողական աշխատանքը, որ նախատեսվում էր սկսել այս տարվա մայիսին, հետաձգվել է մինչև հաջորդ տարի։

Անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեն, որ մեղադրվում է խոշոր չափերի գումարի յուրացման համար և մարտի 12-ից հացադուլի մեջ է, նամակ է հրապարակել, ըստ որի` ձախ ոտքի զգացողությունը կորցրել է և ձախ աչքով այլևս չի տեսնում։

Մարտի 24-ին Գերմանիան պատժամիջոցներ է սահմանել այն վրացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են վրաստանյան եվրոպամետ ցույցերի ճնշումների համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Իմերեթիի մարզում ձերբակալվել է «հանցավոր աշխարհ»-ի հետ առնչություն ունեցող 7 մարդ։