Մարտի 25-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 645 301-ի: Մեկ օրում արձանագրվել է 590 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 611 688։
Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով քննարկում է «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխություններ է նախատեսում Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին օրգանական օրենքում։ Ըստ օրինագծի՝ պետական մարմինը իրավասության վերաբերյալ դատական գործ կարող է հարուցել մեկ այլ մարմնի դեմ, եթե գտնում է, որ այդ մարմինը խախտել է իր սահմանադրական լիազորությունները։
Մոսկվայում անցկացվել է վրաց-ռուսական փորձագիտական ձևաչափով հանդիպում, որին մասնակցում են շուրջ 40 փորձագետներ, քաղաքագետներ, գիտնականներ և վրացական սփյուռքի ներկայացուցիչներ: Գորչակովի հիմնադրամի և Պրիմակովի վրաց-ռուսական համայնքային կենտրոնի նախաձեռնած միջոցառմանը վրացական կողմը ներկայացնում է կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։ Ավելին՝ այստեղ։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ նաև Վրաստանի աջակցությամբ ընդունած հերթական մարդասիրական բանաձևը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և գործադրել բոլոր ջանքերը հումանիտար իրավիճակը մեղմելու համար։
Վրաստանի խորհրդարանական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը 2022 թվականին Վրաստանին կզրկի 1 միլիարդ դոլար եկամուտից։ Կովզանաձեն խոսել է նաև տնտեսական աճի սպասվող դանդաղման մասին։
Ուկրաինայի օրենսդիր մարմինը հյուրընկալել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորներ Խատիա Դեկանոիձեին և Դավիթ Խաջիշվիլիին, ինչպես նաև ՄԱՇ-ի գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլիին:
Երեկ՝ մարտի 25-ին, Ախալքալաքում կայացավ Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնի (GCSD) կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումը, որտեղ քննարկվեցին փոքր և միկրո բիզնեսների անհրաժեշտություններն ու դրանց առջև գոյություն ունեցող մարտահրավերները: Նմանատիպ հանդիպում մինչ այս կայացել է նաև Ախալցիխեում, ինչպես նաև Քվեմո Քարթլիի մունցիպալիտետներում, ավելին՝ այստեղ։
Ուղևորահոսքի ավելացման պատճառով «Վրացական երկաթուղին» մարտի 26-ին, 27-ին և 28-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանի նավթ ներկրողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի։ Ըստ Մրավլիշվիլիի՝ համաշխարհային ներկա գներով դիզվառելիքը դեռ երկիր չի մտել, հետևաբար, եթե նոր գինը միջազգային շուկայում պահպանվի, տեղական շուկայում այն կհասնի 4,5 լարիի։
Ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի՝ 30 տարի շարունակ Վրաստան-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների, շահերի, եվրաատլանտյան ընտանիքն ամրապնդելու ցանկության վրա, իսկ Վրաստանը՝ անդամ դառնալու: Դեգնանը վստահեցրել է, որ ամերիկացի ժողովուրդը միշտ կլինի վրաց ժողովրդի կողքին։
Երեկ՝ մարտի 25-ին, լրացել է Վրաստանի և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։
Եվ վերջում՝ մարտի 25-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,38 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,2234 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 0,75 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5486 լարի։