
Երեկվա գլխավոր թեմաներից էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Հայաստանի ընտրանու հետ։ Առավոտից ֆուտբոլի Վրաստանի ազգային թիմի երկրպագուները վրաց-հայկական Սադախլո-Բագրատաշենի անցակետում շտապում էին Երևան աջակցելու իրենց հավաքականին, տրամադրությունները տարբեր էին, իսկ խաղի հաշիվը՝ 3:0, հօգուտ Վրաստանի։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք միասին ֆուտբոլային խաղին հետևեցին:
«Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդականը TikTok-ի «Փուկոս քանքարի» ալիքի հեղինակ Լուկա Էխվաիան է։ Էխվաիան Վրաստանի հետ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության դադարեցումը համարում է «գլխավոր քայլ ապագաղութացման ճանապարհին»։
Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Աջարիայի կազմակերպության ներկայացուցիչ Էլգուջա Բագրատիոնիի խոսքով, կուսակցության առաջնորդներից Լևան Վարշալոմիձեն, որ կարճ ժամանակով կալանավորվել էր Ղազախստանում, ազատության մեջ է, լքել է Ղազախստանը և գտնվում է Ամստերդամում։
Freedom House միջազգային կազմակերպությունը լայնածավալ զեկույց է հրապարակել 2024 թվականին ամբողջ աշխարհում անցկացված ընտրությունների վերաբերյալ, որտեղ խոսվում է նաև Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստասբուրգի դատարան) գրանցել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) բողոքը՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումների վերաբերյալ։ Նույն դատարանի մեծ պալատը չի բավարարել Վրաստանի կառավարության հայցը «Ծուլուկիձեն և Ռուսուլաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) տվյալներով՝ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովին Վրաստանի ընդհանուր դատարանները թողեցին արտահանձնման կալանքի տակ։
«Թբիլիսիի մարդու իրավունքների տուն»-ը (Human Rights House Tbilisi) և նրա անդամ կազմակերպությունները արձագանքել են դատախազության կողմից «Մարդու իրավունքների տան» հաշիվների առգրավմանը և ընթացող հետաքննությանը։ Հայտարարության մեջ ասված է, որ երեկ իրենց է փոխանցվել գործի վերաբերյալ քաղաքային դատարանի վճիռը։
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը ևս մեկ անգամ արձագանքել է պետական հատվածից մարդկանց զանգվածային աշխատանքից ազատմանը։ Հանրային պաշտպանի գրասենյակը համարում է, որ «անընդունելի է հանրային ծառայողների ազատումը նրանց բացահայտ արտահայտած քաղաքացիական դիրքորոշումների կամ կարծիքների պատճառով»։
Գրասենյակը հայտնել է, որ անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը ծանր է։ Օմբուդսմենի ներկայացուցիչը բանտարկյալին այցելելուց հետո է եկել նման եզրակացության։
Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովի համանախագահը հայտարարություն է տարածել MEGOBARI Act-ին աջակցող Թբիլիսիում կայանալիք երթի վերաբերյալ։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք»-ի որոշումները, որը փորձում է սահմանափակել ցույցերը, անվանում է հասարակության դեմ հայտարարված պատերազմ։
Լիտվացի իրավապաշտպանին, որը ղեկավարում է կանանց իրավունքների հարցերով զբաղվող շվեդական կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակը, մերժել են մուտքը Վրաստան։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեին, որ նաև OC Media-ի լուսանկարիչն է, «ճանապարհը փակելու» մեղադրանքով երկու անգամ տուգանել է ընդհանուր 10 հազար լարիի չափով։
Վրաստանի հանրային հեռարձակողը, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվում էր Թբիլիսիի Կոստավա փողոցի թիվ 68 հասցեում, հեռարձակումը սկսել է նոր շենքից։