
Երեկ կրկին Բաթումիի քաղաքային դատարանում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատն էր. նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունն է սկսվել։ Դատի մեկնարկից առաջ ու զուգընթաց «Պայքարեք, քանի դեռ ուշ չէ», «Համերաշխություն Մզիա Ամաղլոբելիին» այս կարգախոսներով ցույց էր դատարանի մոտ:
«Քլունիի արդարության հիմնադրամ» (CFJ) իրավապաշտպան կազմակերպությունը կհետևի Ամաղլոբելիի դատավարությանը։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Միխեիլ Ջինջոլիան կալանքի տակ թողեց ցույցերի ժամանակ ձերբակալված բժիշկ Գիորգի Ախոբաձեին։
2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2217,5 լարի (մոտ 797 դոլար). այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
«Վրացական երազանք»-ի կառավարությունը 2025 թվականին կշարունակի «Հանրային զբաղվածության ծրագիրը», որն աշխատանքի է տեղավորում սոցիալապես անապահովներին:
Վրաստանյան այն բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքները և կարիքները, սառեցվել են հակաարևմտյան «Միասնական չեզոք Վրաստան» շարժման պահանջով` դատախազությունում հարուցված «դիվերսիա և թշնամական գործունեությանն օժանդակություն» գործի շրջանակներում:
Ըստ «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC)` Վատո Շաքարաշվիլիի կազմակերպության բողոքի հիման վրա դատախազության սկսած հետաքննության շրջանակներում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվների վրա կալանքը նպատակ ունի թուլացնելու երկրում ընթացող բողոքի շարժումը և պատժելու բողոքի ցույցերի մասնակիցներին։
SJC-ն Թեմուր Քաթամաձեի գործը Թբիլիսիի քաղաքային դատարանին ներկայացրել է որպես «դատարանի ընկեր» (Amicus curiae)։ Գործը վերաբերում է Քաթամաձեին Վրաստանում միջազգային պաշտպանության տրամադրմանը։
«Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ հեռարձակողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն տարածվի առցանց լրատվամիջոցների վրա և կազդեն միայն հեռարձակողների կայքերի և սոցիալական ցանցերի վրա։ Նախկինում նրա թիմակից Արչիլ Գորդուլաձեն ասել էր, որ սահմանափակումները տարածվելու են նաև առցանց լրատվամիջոցների վրա։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ջո Ուիլսոնը X հարթակում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահի և Վրաստանում Ամերիկայի դեսպան Ռոբին Դանիգանի հանդիպման մասին։
Մդինարաձեն ասել է, որ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքում ներառել պարտադիր բուժում՝ որպես թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների պատիժներից մեկը։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախկին նախարար Գիորգի Ամիլախվարին, որ հրաժարական էր տվել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, նշանակվել է Սևծովյան միջազգային համալսարանի (IBSU) խորհրդատու։