Մարտի 1-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 612 319-ի: Մեկ օրում արձանագրվել է 6 847 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 16 199:
Մարտի 1-ից PCR թեստավորումն այլևս չի ֆինանսավորվի պետության կողմից, սակայն կշարունակվի արագ հակագենային թեստավորման ծրագիրը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երեկվանից երկրում կթեթևացվի Covid-19-ի հետևանքով որոշված սահմանափակումների մի մասը։ Մանրամասն՝ այստեղ:
Համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ երեկվանից Վրաստանում ուժի մեջ են մտնել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։ Մասնավորապես, կարգելվի խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը։ Նա դատավորին խնդրել է ընդմիջում հայտարարել։ Նախքան այդ, դատավոր Բադրի Կոճլամազիշվիլին նշել է, որ մեղադրյալի ելույթը չպետք է պարունակի քաղաքական հայտարարություններ, ինչին ի պատասխան Սաակաշվիլին նշել է․ «Ես Միխեիլ Սաակաշվիլին եմ, ի՞նչ է նշանակում քաղաքական բնույթի հայտարարություն չլինի»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այժմ գտնվում է Փարիզում, տեսաուղերձ է հրապարակել։ Նրա զրույցի հիմնական թեման Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի արդյունքում միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներն ու Վրաստանի դիրքորոշումն է։
Միավորված ազգերի կազմակերպությունում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին: Իմնաձեն ասել է, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք է ահազանգ լիներ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ձախողել է խաղաղության և անվտանգության պահապանի ստանձնած դերը։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է: Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։
Վրաստանի խորհրդարանի անդամները որոշել են արյուն հանձնել ու այն նվիրաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին։ Ավելին՝ այստեղ:
Երեկվա թոփ թեման կրկին Ուկրաինան էր և նրա շուրջ ծավալվող վրաստանյան իրադարձությունները:
Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ մոտ 60 հոգուց բաղկացած կամավորների ևս մեկ խումբ պատրաստվում էր մեկնել Ուկրաինա՝ կամավոր ռազմական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ է կանչել։
«Կամավորներին թույլ չտալու և պատժամիջոցների հետ կապված դիրքորոշման պատճառով»,- ասել է Զելենսկին:
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին էլ խոսելով Վրաստանի կողմից Ուկրաինային հատկացվող օգնությունից՝ նշել է, որ այն լիովին համապատասխանում է եվրոպական պետությունների ձեռնարկած քայլերին։
«Մեզ համար կարևոր է մեր յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու անվտանգությունը։ Բայց կամավոր լինելը կախված է նրանց կամքից, և դա իրենց որոշումն է և ոչ կառավարության կողմից խրախուսված»,- ասել է Զալկալիանին։
Վրացական 21 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Եվրամիության ներկայացուցիչներին, որպեսզի լուծեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը և բացեն Վրաստանի և Մոլդովայի համար ԵՄ-ին միանալու դուռը, քանի որ «այս երեք երկրները բախվում են նույն խնդիրներին»։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան բաց նամակ է հղել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերին և հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով Վրաստանին աջակցել Եվրամիությանն անդամակցելուն։ Գախարիան նշել է, որ թեև Վրաստանը լիովին չի բավարարում Եվրամիության պահանջներին, այնուամենայնիվ, արժանի է Եվրամիության անդամ լինելու հնարավորությանը։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում ներկայացրել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Փաստաթղթով կոչ է արվում վրացական գործադիր իշխանություններին ակտիվացնել ջանքերը Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ և իրականացնել Վրաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստանին ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։
Օրվա ավարտին էլ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր անցկացվում՝ ի աջակցություն Ուկրաինայի, միաժամանակ, ցույցի մասնակիցները պահանջում էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։ Ավելին՝ այստեղ:
Ըստ Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեի՝ անհիմն է մտածել Եվրարմիությանը անդամակցության մասին, երբ Վրաստանում կա այսպիսի կառավարություն.
«Ի՞նչ Վրաստանի մասին է խոսքը, շուտով մնալու ենք երկաթգծի այս կողմում՝ առանց SWIFT-ի, բանկային օպերացիաների, ինտերնետի և առանց որևէ բանի, այս մասին պետք է մտածենք»:
Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիդ Բրագվաձեի կարծիքով՝ այս փուլում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն գործնականում չկա։ Այս շանսը շատ փոքր է նաև Ուկրաինայի դեպքում։ Ուկրաինան կարող է ստանալ թեկնածուի կարգավիճակ, ինչը, անշուշտ, կարևոր կլինի, թեև Կիևը նույնպես երկար ճանապարհ կունենա մինչև անդամակցությունը։ Ըստ Բրագվաձեի՝ այժմ դիմում պատրաստելն ավելի խորհրդանշական ժեստ կլինի, քանի որ Վրաստանն ունի բազմաթիվ պարտավորություններ, որոնք պետք է ստանձնի համատեղելիության հասնելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Թվիթերյան իր էջով Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ճգնաժամը։
«Մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը, այդ թվում՝ կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության և հիբրիդային սպառնալիքների ոլորտում»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Մարտի 1-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,90 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2244 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 1,80 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,6039 լարի։