Երեկվա օրը համառոտ. հունվարի 31

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին փոխել է դիվանագիտական ​​ծառայության անցնելու կանոնները։

Վրաստանյան 4 քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք հանրության մեծ մասի հետ «Վրացական երազանք»-ի իշխանությունը ոչ լեգիտիմ են համարում, դիմում են Սիրիայի նոր առաջնորդին՝ կոչ անում հետ կանչել Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանների «անկախ պետությունների ճանաչումը»:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիում է Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ Կիրիենկոն նշանակվել է ՌԴ կառավարությունում աբխազական ուղղության կուրատոր։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ 90 օրով դադարեցնելու ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը։ Դրանց թվում է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) աջակցությունը որից օգտվում են հազարավոր քաղաքացիներ:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը և բրիտանացի պատգամավոր Ջեյմս ՄաքՔլերին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ:

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը նշել է, որ ակտիվորեն հետևում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի իրավունքների պաշտպանությանը և նրան ցուցաբերվող բժշկական օգնության արդյունավետությանը։

Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի (MFC) անդամ 14 երկրների դեսպանությունները հունվարի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ամաղլոբելիին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը «Վրացական երազանքի» կառավարությունից պահանջում է ազատ արձակել Ամաղլոբելիին։

Ադրբեջանցի լրագրող, Azel TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի արտահանձնման կալանքը երկարաձգել է ևս 3 ամսով՝ մինչև մայիսի 3-ը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերին, 2023-ի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ-ի) աճը կազմել է 6,7 տոկոս, իսկ 2024 թվականի ամբողջ տարվա աճը` 9,5 տոկոս:

Վրաստանում գրիպի, այդ թվում՝ խոզի գրիպի տարածման պիկն է, հիվանդանոցները ծանրաբեռնված են։ Բժիշկները քաղաքացիներին հորդորում են զգույշ լինել։

Վրաստանյան «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրենը կշարունակի մնալ Գիորգի Գաբունիան։ Հանրային ռեեստրը չի բավարարել հեռուստաալիքի բաժնետեր, գործարար Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչ Գիորգի (Գոգի) Քուրդաձեի պահանջը. վերջինս պահանջում էր աշխատանքից ազատել Գաբունիային: