Հունվարի 31-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասավ 1 175 923-ի: Մեկ օրում արձանագրվել է 13 150 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 009 778 մարդ, մահացել՝ 14 980-ը։
Վրաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան հայտարարեց, որ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամի 1000-ից ավելի վարակակիրներից մահացել են 3-ը։ Նա նշել է, որ առաջիկայում ծրագրում են անցկացնել համապատասխան ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե կորոնավիրուսից մահացությունների քանիսն են պայմանավորված «օմիկրոնով»։
Վրաստանի Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումների հետևանքով կողմնակի ազդեցությունների մասին 2 174 հաղորդում է գրանցվել։
Հունվարի 31-ին հրապարակվել է կորոնավիրուսով վարակված երեխաների բուժման նորացված ընթացակարգը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված երեխայի հոսպիտալացումն իրականացվում է 3-5 օր մշտական բարձր ջերմության առկայության դեպքում:
Երեկ կայացած կառավարության նիստից հետո Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարեց, որ այսօր՝ փետրվարի 1-ին կառավարության համակարգող խորհրդի նիստում հնարավոր է քննարկվի դպրոցներում ու մանկապարտեզներում հեռավար ուսուցման անցնելու հարցը։
Հունվարի 31-ի դրությամբ առողջապահության նախարարության տվյալներով էլ Վրաստանում պատվաստումների դրամական խրախուսման ծրագրի շրջանակում հունվարի 25-ից գործող 50-ից բարձր տարիքի 19 985 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ խթանիչ (booster) դեղաչափով:
«Բիեմջի»-ի «PSP» դեղատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Նաթիա Խաբեիշվիլին հայտարարեց, որ Թուրքիայում արտադրվող դեղերի ցանկը չի բավարարի վրացի սպառողների և բժշկական ոլորտի պահանջը։ Նրա խոսքով, այժմ գլխավորը դեղերի գնի իջեցումն է՝ դրանց բարձր որակի պահպանմամբ։
Վրաստանի Ֆինանսների նախարարության հրապարակած համախմբված բյուջեի եկամուտների (առանց կոնսոլիդացիայի) համաձայն՝ 2021 թվականին ազարտային խաղերից բյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 78,406 մլն լարի (մոտ 25,759 մլն դոլար), որից 12,133 մլն լարին (մոտ 3,986 մլն դոլար)՝ համակարգչային էլեկտրոնային խաղերից (առցանց կազինոներ):
Ազարտային խաղերի մասին օրենքի նախագծում, որն ի դեպ արժանացել է խորհրդարանի հավանությանը՝ մարտի 1-ից արգելվելու է վրացական քարտով գումար փոխանցել արտասահմանյան խաղային կայքերին։
Երեկ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Facebook Live-ի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Ըստ Գուդկովի՝ ինքը հանդիպումներ էր ծրագրում Վրաստանի մայրաքաղաքում։
Վրաստանի կառավարությունն երեկվա՝ հունվարի 31-ի նիստում որոշում է ընդունել, որով Վրաստանը պարզեցված եղանակով կգնի ամերիկյան «Ջավելին» հակատանկային համակարգի նոր խմբաքանակ։
Երեկ խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն հայտնել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է «Միացյալ ազգային շարժման» կողմից խորհրդարանական բոյկոտի ավարտը։
«Ժողովրդավարական գործընթացի համար էական է, որ քաղաքական բոլոր կուսակցությունները հարգեն իրենց ընտրողների կամքը և գործադրեն վստահությունն ու մանդատը, որը նրանց տրվել է ընտրությունների հիման վրա», — ասված է նախագահի տարածած հայտարարության մեջ։
Հունվարի 31-ին՝ Սիղնաղիի մունիցիպալիտետի Ջուգաանի գյուղում 68-ամյա կնոջ դի են հայտնաբերել։ Նախնական վարկածով՝ սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով։ Հարձակվողը տանը սպասել է թոշակառուին, կնոջը մահացու վնասվածքներ հասցրել դանակով, այնուհետև փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է նրան հայտնաբերել Թբիլիսիում։
Մեկ այլ դժբախտ դեպք էլ գրանցվել էր Գորիում, որտեղ «Կոմբինատի» բնակավայրի շրջանում, ընտանեկան վիճաբանության հետևանքով 82-ամյա հայրը դանակահարել է 47-ամյա որդուն, երիտասարդի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդը գտնվում է «Գորմեդի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։
Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 30-ին Տղիբուլիի հանքավայրում կրկին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ է վիրավորվել։ Մեկը մահացել է Տղիբուլիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ 8 տուժածների բուժումը կշարունակվի Թբիլիսիի Խեչինաշվիլիի կլինիկայում։
Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է արել Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը և Աշխատանքի տեսչությանը ժամանակին և արդյունավետ արձագանքել Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած միջադեպին, ներառյալ ողբերգության պատճառները՝ հետագայում նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։
Հանրային պաշտպանը դիմել է նաև Աշխատանքի տեսչությանը` բացահայտել բոլոր խախտումներն ու ռիսկերը և օգտագործել օրենսդրությամբ նախատեսված բոլոր լծակները՝ դրանք շտկելու համար։
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից Թբիլիսիում փոխվում է տրանսպորտի ուղեվարձի գինն ու վճարման կարգը: Հանրային տրանսպորտից օգտվելու համար ներդրվում է աբոնեմենտային համակարգ: